Բուլղարիայի ԱԳ նախարարն Ուկրաինայի դեսպանի հետ քննարկել է իր երկրի տարածք ԱԹՍ-ի ներխուժման միջադեպը
3 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱԳ նախարար Վելիսլավա Պետրովան օգոստոսի 10-ին հանդիպել է Բուլղարիայում Ուկրաինայի դեսպանի հետ՝ քննարկելու Կարդամի մոտակայքում Բուլղարիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքի ներխուժման միջադեպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ դա, ամենայն հավանականությամբ, եղել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող «Մայա» մոլորեցնող անօդաչու թռչող սարք է։
Հանդիպման ընթացքում Պետրովան լուրջ մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Բուլղարիայի օդային տարածք ցանկացած չարտոնված ներխուժում անընդունելի է։
Բուլղարիան Ուկրաինային խնդրել է տրամադրել բոլոր առկա տեղեկությունները, որոնք կարող են օգնել պարզել միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները։
Պետրովայի խոսքով՝ Բուլղարիան հարկ է համարում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներն՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։ Նշվել է նաև երկու երկրների համապատասխան հաստատությունների միջև ուղիղ և արդյունավետ հաղորդակցման ուղիների անհրաժեշտությունը։
Դեսպանը խորը մտահոգություն է հայտնել միջադեպի վերաբերյալ և նշել, որ Ուկրաինան դիտավորյալ որևէ անօդաչու թռչող սարք չի ուղղորդել Բուլղարիայի ուղղությամբ։ Նա հաստատել է, որ Ուկրաինան պատրաստ է լիարժեք համագործակցել միջադեպի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու գործում։
Պետրովան միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Ռումինիայի հետ, ինչպես նաև այդ մասին տեղեկացրել է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին: ՆԱՏՕ-ի դաշնակիցներն օգոստոսի 12-ին կփոխանակեն այս հարցի վերաբերյալ վերջին տեղեկատվությունը:
Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բուլղարիան կշարունակի պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր քաղաքացիների անվտանգությունը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների դադարեցումը և դիվանագիտական ջանքերով արդար ու երկարատև խաղաղության հասնելը կարևոր են տարածաշրջանում անվտանգության և կայունության համար։
Անօդաչու թռչող սարքն օգոստոսի 8-ին Բուլղարիայի օդային տարածք է մտել հյուսիսից և պայթել է Բուլղարիայի տարածքում՝ Կարդամի նախկին սահմանային անցակետի մոտ: Այն ընկել է արևածաղկի դաշտում՝ Տրանսբալկանյան գազատարի Կարդամի կոմպրեսորային կայանից մոտ 1000 մետր հեռավորության վրա: Միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրացվել, ենթակառուցվածքների և գյուղատնտեսական հողերի վնաս չի եղել: ԱԹՍ-ն չի հայտնաբերվել բուլղարական կամ ռումինական ռադարային համակարգերի կողմից, ինչը ստիպել է իշխանություններին ուժեղացնել հյուսիսային սահմանի երկայնքով հսկողությունը և անվտանգության միջոցառումները: