10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. Քննչական կոմիտե
4 րոպեի ընթերցում
Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողությունների արդյունքում հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շրջանառության մեջ են դրել իբր ընկերությունների միջև կազմված փոխառության կեղծ պայմանագրեր և գրություններ, որոնց հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն նախ 2012 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, որից հետո՝ ընկերության՝ բանկում բացված հաշվին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն։
Նշվում է, որ այնուհետև շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերի հիմքով վերոհիշյալ գումարի մնացած մասը՝ 9 մլն 980 հզր եվրո գումարը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին փոխանցել են իրենց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին, իսկ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվին, որից հետո գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մի մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին, ինչի հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ անձինք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար, որի ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցրել են՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Դեռևս 2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։
Նախաքննության ընթացքում նշված հոդվածներով Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք, որ նշված հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որի արդյունքում վերջիններս դատապարտվել են ազատազրկման։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։