2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ապահովել բավարար ձայներ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանն ընտրվի այդ պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է բավարար ձայներ ապահովել այս ընտրության համար։ Այդ թվում հաշվի ենք առել Արթուր Սարգսյանի (խմբ. ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) բացակայությունը, որը տնային կալանքի տակ է։ Ավելացնեմ միայն, որ դուք մեր երեք թեկնածուներին որևէ կողմ ձայն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին»,- ասել է Մանավազյանը։
Խորհրդարանն ավելի վաղ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին։ ԱԺ նախագահի տեղակալներ էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն էլ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Վարդևանյանի ընտրության փակ քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին։