Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները զարգանում են կայուն դինամիկայով. Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին
2 րոպեի ընթերցում
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Իր ուղերձում Վան Ին նշել է, որ ներկայում Չինաստան-Հայաստան հարաբերությունները զարգանում են կայուն դինամիկայով, իսկ տարբեր ոլորտներում համագործակցությունն առաջ է ընթանում կանոնավոր կերպով։
«Անցյալ տարի նախագահ Սի Ծինփինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ՝ մեր երկրների առաջնորդների ձեռք բերած կարևոր համաձայնությունները կյանքի կոչելու, մեր արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը խթանելու ուղղությամբ»,- ասված է Չինաստանի արտաքին գործերի նախարարի ուղերձում։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։
Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։