Դաշնամուրն իմ առաջին մեծ սերն էր. գերմանաբնակ երաժիշտ Անահիտ Վարդանյանը հանդես կգա Գառնիում կայանալիք Equinox փառատոնին
8 րոպեի ընթերցում
Գերմանաբնակ երիտասարդ դաշնակահար Անահիտ Վարդանյանը մանկուց է տարվել երաժշտությամբ. նրան կախարդել են դաշնամուրի ստեղները, հնչյունները, և ութ տարեկանում որոշել է՝ պետք է դաշնակահար դառնա. հասել է նպատակին։
Հետագայում Անահիտն արտերկրում բացահայտել է էլեկտրոնային երաժշտության հնարավորություններն ու կարողացել հայկական ավանդական երաժշտությունը վարպետորեն համադրել տեխնո, էլեկտրոնային և այլ էթնիկ մեղեդիների հետ։
Դաշնակահարը, որն իր ստեղծած յուրահատուկ երաժշտությամբ ճանաչում է ձեռք բերել և՛ Հայաստանում, և՛ Եվրոպայում, օգոստոսի 8-ին հանդես կգա Գառնու տաճարի տարածքում կայանալիք Equinox (գիշերահավասար) երաժշտական առաջին փառատոնին, որը միավորելու է կենդանի հնչողությամբ էթնիկ երաժշտությունն ու էլեկտրոնային ռիթմերը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անահիտ Վարդանյանը պատմել է իր ստեղծագործական ճանապարհի, կայանալիք համերգի և առաջիկա ծրագրերի մասին։
«Մեր տանը դաշնամուր չկար, բայց պապիկիս և տատիկիս տան դաշնամուրն ինձ շատ էր գրավում։ Չորս տարեկանից նստում էի դաշնամուրի առջև և սեղմում ստեղները։ Նյարդերի վրա ազդող երեխաներից էի, որը միշտ փորձում էր նվագել։ Այդպես էր մինչև այն պահը, երբ հստակ որոշեցի դաշնամուր նվագել սովորել»,-պատմում է Անահիտը։
Ծնողներին այդ որոշումը զարմացրել է, քանի որ ընտանիքում, հարազատների շրջանում երաժիշտներ չկան։ Անահիտը խոստովանում է՝ ամեն անգամ, երբ մատները դիպչել են ստեղծներին, կարծել է՝ դա հրաշք է։ «Ութ տարեկանում ընդունվեցի Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Դաշնամուրը եղել է իմ առաջն մեծ սերը, և այդ սերն այնքան խորացավ, որ, չնայած ծնողներիս՝ Տնտեսագիտական համալսարանում սովորելու հորդորին, նաև ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիայի դասական դաշնամուրի բաժին։ Կոնսերվատորիան ավարտելիս իմ հնարավորությունները ռեալ էի գնահատում և հասկանում՝ ինքնաիրացվելու համար դասական դաշնամուրով առաջ գնալն ինձ համար շատ դժվար կլինի։ Ես ստեղծագործող մարդ եմ, ազատ եմ մտածում, և Գերմանիա մեկնելուց հետո բացահայտեցի ստեղծագործական նոր տեխնիկաներն ու տեսա, թե ինչքան մեծ տարածք է տալիս էլեկտրոնային երաժշտությունը ստեղծագործ մարդուն»,-հիշում է երաժիշտը։
Անահիտը ծանոթացել է ակումբային գործունեություն ծավալող բազմաթիվ երաժիշտների կատարած աշխատանքին, ունկնդրել արտիստների, որոնք բարձրորակ էլեկտրոնային երաժշտություն են ստեղծում և ի վերջ Համբուրգի կոնսերվատորիայի Multimedia Composition բաժնում ստեղծագործական նոր տեխնիկաներ է յուրացրել։
Տարվելով էլեկտրոնային երաժշտությամբ՝ Անահիտը հստակ գիտակցել է, թե որքան կարևոր են իր ստացած դասական կրթությունը, գիտելիքներն ու հմտությունները, որոնք հնարավոր է կիրառել նաև էլեկտրոնային երաժշտության աշխարհում։ Կարծում է՝ այդ համադրության արդյունքում հետաքրքիր բովանդակություն է ստեղծվում։
Նա անհամբերությամբ է սպասում Equinox փառատոնի շրջանակում կայանալիք համերգին, քանի որ այն իր համար շատ պատասխանատու է։ Բեմում են լինելու նաև Ջիվան Գասպարյան կրտսերը (դուդուկ), Արտո Թունջբոյաջյանը (հարվածային գործիքներ և վոկալ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), Նիկոլայ Մադոյանը (ջութակ) և դիջեյ Էխոնոմիստը՝ (Echonomist) Հունաստանից:
«Ինձ հետ զրուցում եք մի շրջանում, երբ համարձակվել եմ բեմ բարձրանալ և համադրել դաշնամուրն ու էլեկտրոնային ձայները։ Ինձ համար սա շատ փորձարարական և նոր բան է, և դեբյուտը կայանում է իմ հայրենիքում։ Մեծ պատիվ է նման երաժիշտների հետ համագործակցելը։ Նրանցից մի քանիսի ստեղծագործությունների հետ եմ մեծացել։ Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում ելույթիս և շատ եմ պարապում»,-ասում է Անահիտը։
Ըստ նրա՝ եթե երաժշտական տարբեր ուղղությունները միաձուլելը, նոր բան ստեղծելն ինքնանպատակ է, վտանգ կա, որ ինչ-որ բան լավ չի ստացվի։ Անահիտ Վարդանյանը շատ է դիմել փորձարարությունների, բայց հատուկ չի մտածել ֆոլկն էլեկտրոնային երաժշտության հետ համադրելու մասին։ Կարծում է՝ ֆոլկն իր երակներում է։ «Որքան իմ երաժշտական մոտեցումը դասական է, նույնքան էլ ավանդական, որովհետև իմ ընտանիքում հաճախ է ֆոլկ երաժշտություն հնչել։ Դա իմ արյան մեջ է։ Անգամ մեծ ցանկության դեպքում այն չեմ կարող հանել իմ երաժշտական մտածողությունից, լեզվից»,-կարծում է դաշնակահարը, որի համար շատ կարևոր է մշտապես նվագել այն երաժշտությունը, որն ինքն է սիրում և այն «նվիրել» մարդկանց։
Հենց այդ պատճառով է հրաժարվել մի շարք համագործակցություններից, չեղարկել արդեն կնքված պայմանագրերը, քանի որ վստահ է եղել՝ կգար մի փուլ, երբ այդ ճանապարհով գնալիս իրեն լավ չէր զգա։
«Կարող էի ավելի ընկալելի և մասսայական երաժշտության հետևից գնալ, բայց չարեցի։ Այդ որոշումը կայացրի 2026 թվական մուտք գործելիս։ Սկսեցի ավելի շատ վստահել իմ էներգիային, իմ ուժին, հասկացա՝ եթե չգնամ այն ճանապարհով, որն իմ հոգու և սրտի համար ավելի ճիշտ է, չեմ ունենա հաջողություն, իսկ հաջողությունն այն է, երբ նվագում ես այն երաժշտությունը, որը սիրում ես։ Եթե հազարի փոխարեն հարյուր մարդ լսի ինձ, ես ինձ լավ կզգամ»,-նշում է նա։
Անահիտը մի քանի անգամ առիթ ունեցել է ակումբային ձևաչափով հանդես գալ Հայաստանում։ Հպարտանում է տեղի երկրպագուներով, որոնք իրեն աջակցում են նաև արտերկրում։ Վստահեցնում է՝ մենք՝ հայերս, լայնախոհ ենք և պատրաստ ենք ընդունել նորարարությունները։
«Ես հպարտ եմ, որ կրթությանս հիմքը դրվել է Հայաստանում, ինչի շնորհիվ ունեմ կարևոր որակներ։ Դպրոցում, կոնսերվատորիայում, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում ստացածս դասական կրթությունը շատ կարևոր են ինձ համար և հնարավորություն են տվել արժևորել ու բարձր գնահատել արվեստը, երաժշտությունը»,-ասում է դաշնակահարը։
Անահիտը նախատեսում է որոշ ժամանակ մնալ Հայաստանում և մտերիմ ընկերների, գործընկերների հետ իրականացնել իր վաղեմի գաղափարները։
Համագործակցելով իր բազմաթիվ նախագծերի ղեկավար և լավ ընկեր Լիլիթ Ղազարյանի հետ՝ նախատեսում են ստեղծել Based In Berlin. Artune երաժշտական լեյբլը։
«Մտադիր ենք թողարկել իմ դեբյուտային ալբոմը՝ Artune լեյբլով։ Կմնամ Երևանում, այստեղ կստեղծագործենք և կմեկնենք Բեռլին՝ ալբոմը թողարկելու համար. այդ գործընթացը հավանաբար կսկսի սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Շատ եմ ցանկանում, որ Artune լեյբլը դառնա հարթակ, որը կհամախմբի տաղանդավոր արտիստների, որովհետև Հայաստանում նրանք շատ են։ Կցանկանամ, որ նրանք իրենց արվեստով օժանդակեն մեզ և հնարավորություն տան համաշխարհային երաժշտարվեստ դուրս գալ»,-նշում է Անահիտ Վարդանյանն ու հավելում՝ Գառնիում կայանալիք համերգին մեծ էներգիա կփոխանցի, կստանա և ոգևորությամբ կիրականացնի իր բոլոր ծրագրերը։