Հայաստան

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում

2 րոպեի ընթերցում

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված ծանրաբեռնվածության օպտիմալացմանը, աշխատանքային ռեսուրսների ճիշտ բաշխմանը և քննչական գործընթացների արտադրողականության էական բարձրացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի կազմում ձևավորվել է Երկրորդ կայազորային քննչական բաժինը, իսկ Միջազգային հարցումների ապահովման բաժինը վերակազմավորվել է Միջազգային համագործակցության վարչության:

Այսպիսով, Երկրորդ կայազորային քննչական բաժնի ստեղծումը պայմանավորված է Քննչական կոմիտեի կազմում գոյություն ունեցող կայազորային քննչական ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների՝ ողջամիտ ժամկետում և պատշաճ քննության անհրաժեշտությամբ:

Երկրորդ կայազորային քննչական բաժինը տեղակայվելու է Արարատի մարզի Վեդի քաղաքում:

Անդրադառնալով Միջազգային համագործակցության վարչության վերակազմավորման անհրաժեշտությանը՝ հարկ է նշել, որ անդրազգային հանցագործությունների աճով պայմանավորված՝ վերջին շրջանում ավելացել էր միջազգային իրավական օգնության հարցումների և գործընկեր պետությունների հետ համատեղ աշխատանքի ծավալը, ինչի հետևանքով նախկին բաժնի հաստիքային և կառուցվածքային սահմանափակումները հանգեցնում էին գերծանրաբեռնվածության:

Արդյունքում, վարչության վերակազմավորմամբ հնարավորություն է ընձեռվում հստակորեն տարանջատելու գործառույթները, ապահովելու միջազգային հարցումների մշակման առավել բարձր արտադրողականություն և օպերատիվություն: Փոփոխությունն ուղղված է արտերկրի գործընկերների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում