Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

6 րոպեի ընթերցում

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է դիվերսիֆիկացիայի և Հայաստանի համար այլընտրանքներ ձևավորելու արտաքին քաղաքականություն, ինչը յուրաքանչյուր երկրի սուվերեն և լեգիտիմ իրավունքն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ղրղզստանում ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե իր համար կարևո՞ր է, որ Հայաստանը շարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։

«Ես արդեն ասել եմ, որ մեր նպատակը Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելն է։ Ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Բոլոր երկրներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի լինեն այլընտրանքներ։ Ես կարծում եմ, որ այս պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքավորումը կլինի ոչ էթե այս գործընթացի տորպեդահարումը, այլ հակառակը՝ աշխատելը, որպեսզի բարձրանա ԵԱՏՄ-ի մրցունակությունն ու գրավչությունը։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, և ես արդեն ասել եմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։

Հարցին՝ իսկ արդյոք ավելի ճի՞շտ չէ ընտրություն կատարելը, Փաշինյանն ասել է.  

«Սկզբում պետք է ստեղծել այդ ընտրությունը։ Իհարկե, ես ի գիտություն եմ ընդունել գործընկերներիս մայիսի 29-ի հայտարարությունը (խմբ. նկատի ունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների՝ մայիսի 29-ին ընդունած համատեղ հայտարարությունն այն մասին, որով Հայաստանին կոչ էր արվում հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցով)։ Ես դրան հարգանքով եմ վերաբերվում։ Ի դեպ, շատ հետաքրքիր նյուանս է, որ գործընկերներն աջակցում են Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ես էլ եմ աջակցում այդ մոտեցմանը»։

Հարցին, թե կլինի՞ հանրաքվե, ՀՀ վարչապետը պատասխանել է.

«Հանրաքվե, իհարկե կլինի, սակայն միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես կդիմի ԵՄ-ին անդամակցության հարցով, և պետք է դրա ուղղությամբ ինստիտուցիոնալ աշխատանք տանել։ Այսօր հանրաքվեի անցկացումն անհնար է, որովհետև գոյություն չունի այդ հանրաքվեի առարկան։ Եկեք պատկերացնենք, հիմա մենք կազմակերպում ենք հանրաքվե և ասում ենք, որ հարկավոր է կողմնորոշվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Ինչպիսի՞ն կլինի մեր քաղաքացիների ռեակցիան. նրանք կհարցնեն՝ իսկ մենք ի՞նչ հեռանկարներ ունենք ԵՄ անդամ դառնալու, իսկ ո՞րն է մեր ճանապարհային քարտեզը և այլն։ Եվ շատ հարցեր կլինեն, որոնց պատասխանները մենք չունենք, և ոչ ոք չունի»։

Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ շեշտելով, որ այդ համատեքստում այն, ինչ կատարվում է ԵԱՏՄ տարածքում, Հայաստանում միայն նեգատիվ ընկալում է ստեղծում ԵԱՏՄ-ի նկատմամբ։

«Ես նկատի ունեմ այն սահմանափակումները, որոնք մեր հարգելի ռուս գործընկերները կիրառում են հայկական ապրանքների նկատմամբ»,- շեշտել է Փաշինյանը։

Հարցին, թե համեմատե՞լ է արդյոք հայկական ապրանքների իրացման հեռանկարները ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, Փաշինյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր երկրի համար շատ կարևոր հարց է իր ապրանքների մրցունակության և արտադրության ստանդարտների բարձրացումը։  

«Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, աշխատում են բոլոր գործընկերները ԵԱՏՄ-ում և բոլոր մնացած տեղերում։ Որովհետև յուրաքանչյուր ապրանքի և տնտեսության մրցունակությունը ամենակարևորն է։ Ամենագլխավոր գաղափարը, որ ես իմ ելույթում բարձրացրեցի (խմբ. նկատի ունի օգոստոսի 7-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթը), այն մասին էր, որ մենք չնեգատիվացնենք այս գործընթացը, իսկ սա շատ լավ շանս է ԵԱՏՄ-ի համար, որ մենք միասին աշխատենք ԵԱՏՄ-ի գրավչության և մրցունակության բարձրացման համար։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ առանց ֆունդամենտալ սկզբունքների, առանց դրանց իրականացման հնարավորության, ԵԱՏՄ-ն ճգնաժամի մեջ է հայտնվելու, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է հայկական ապրանքների մասով, դա, իհարկե, Հայաստանի համար խնդիր է, բայց դա մեծ խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար, որովհետև հիմա գործնականում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի աշխատում։ Եթե չեն աշխատում սկզբունքները, չի աշխատում նաև ԵԱՏՄ-ն։ Բոլոր պետություններն ու բոլոր կառավարությունները իրականացնում են դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, դա սուվերեն և լեգիտիմ իրավունք է։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք համեմատե՞լ է Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ՝ Փաշինյանը նշել է, որ նման համեմատություն չի արել, քանի որ դա Հայաստանի օրակարգի հարց չէ։

«Հիմա հարցը նման համեմատություն անելու մեջ չէ, հիմա հարցն այն է, որ մենք այլընտրանքներ ստեղծենք Հայաստանի համար։ Ի դեպ, ԵԱՏՄ-ից մեր որոշ գործընկերներ սադրեցին այս գործընթացը՝ հայտարարելով, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում։ Մենք այս ուղերձը ոչ թե բացասական ենք ընդունել, այլ դրական և սկսել ենք աշխատել, որ ցույց տանք, որ իրականության մեջ իրավիճակը բոլորովին այլ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իսկ հարցին, թե արդյոք ԵՄ-ն Հայաստանին ստիպո՞ւմ է խզել կապերը Ռուսաստանի հետ, Փաշինյանը պատասխանել է.  

«Եթե ինչ-որ մեկը լծակ ունի, որ կարողանա Հայաստանին ստիպել ինչ-որ բան անել, այդ լծակները հաստատ Բրյուսելում չեն, Արևմուտքում չեն, Հարավում էլ չեն, Արևելքում էլ չեն»։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում