15 րոպեի ընթերցում
Երբ կորոնավիրուսի համավարակի օրերին Բրյուսելի փողոցները դատարկվել էին, մարդիկ փակվել էին իրենց բնակարաններում, իսկ քաղաքը կորցրել էր իր սովորական աղմուկն ու շունչը, մի պատշգամբից սկսեց երաժշտություն հնչել։ Սկզբում ընդամենը մի քանի հարված հարվածային գործիքին, հետո՝ երգ, իսկ օրեր անց արդեն ամբողջ թաղամասը սպասում էր երեկոյան ժամը 8-ին։
Այդ պատշգամբում կանգնած երիտասարդը Տիգրան Խանջարյանն էր։ Այդ օրերին նա դեռ բանկում էր աշխատում և նույնիսկ չէր պատկերացնում, որ մի քանի շաբաթ անց իրեն սկսելու են ճանաչել որպես «պատշգամբի երգիչ», իսկ այդ նախաձեռնությունը կդառնա իր երաժշտական կյանքի իրական մեկնարկը։
Սակայն Տիգրան Խանջարյանի պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ՝ Փարիզից։
1993 թվականին նա ծնվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Նրա ծնողները ժամանակավորապես տեղափոխվել էին այնտեղ, սակայն մեկ տարի անց, բոլորի համար անսպասելի որոշում կայացնելով, վերադարձել էին Հայաստան։ Այդ տարիներին հազարավոր ընտանիքներ լքում էին Հայաստանը, իսկ Խանջարյաններն ընտրել էին հակառակ ճանապարհը։ Հայաստանից հետո ճակատագիրը նրանց տարավ Բելգիա՝ սկզբում ընդամենը հարազատներին այցելելու մտադրությամբ։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ կարճ այցը կվերածվի ամբողջ կյանքի պատմության։ Տիգրանը Բելգիա է եկել չորս տարեկանում, և արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ այդ երկիրը դարձել է նրա երկրորդ տունը։
Թեև նրա մանկությունն անցել է Բելգիայում, նրա խոսքով, ընտանիքում երբեք չեն զգացել, որ ապրում են Հայաստանից դուրս։ Հայերենը, հայկական սովորույթներն ու ազգային արժեքները տան բնական միջավայրն էին։ Սակայն նոր կյանքին հարմարվելը հեշտ չէր։ Նա մինչև այսօր հիշում է մանկապարտեզի առաջին օրերը, երբ երեխաները խաղում ու ծիծաղում էին, իսկ ինքը ոչինչ չէր հասկանում։ Լեզվական պատնեշը փոքրիկ տղայի համար դարձել էր առաջին լուրջ փորձությունը, բայց ժամանակի ընթացքում այն հաղթահարվեց, և այդ փորձառությունը սովորեցրեց, թե ինչ է նշանակում նոր կյանք սկսել օտար երկրում։
Եթե երաժշտությունը նրա ճակատագիրն էր, ապա առաջին մեծ սերը ֆուտբոլն էր։
«Մանկուց միայն մեկ երազանք ունեի՝ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»,– պատմում է նա։
Այդ երազանքն իրականություն դարձավ։ Նա խաղաց Բելգիայում, ապա պայմանագրով տեղափոխվեց Հայաստան՝ նախ «Փյունիկ», ապա «Բանանց» ակումբներ։ Թվում էր՝ մանկության նպատակը կատարված է, սակայն ծանր վնասվածքը ստիպեց ընդհատել կարիերան։ Շատերի համար դա կարող էր դառնալ կյանքի ամենամեծ հիասթափությունը, բայց Տիգրանի համար դա նոր ճանապարհի սկիզբ էր։
Երաժշտությունն իրականում միշտ նրա կողքին էր եղել։ Հայրը պրոֆեսիոնալ երգիչ էր, և Տիգրանը մանկուց մեծացել էր բեմի ու երաժշտության միջավայրում։ Նա հիշում է, թե որքան անհամբերությամբ էր սպասում այն օրերին, երբ հայրը նրան իր հետ աշխատանքի էր տանում։ Այդ փոքրիկ տղան դեռ չէր պատկերացնում, որ տարիներ անց նույն բեմը կդառնա իր կյանքի գլխավոր հասցեն։
Համավարակը փոխեց շատերի կյանքը։ Տիգրան Խանջարյանի կյանքում այն դարձավ շրջադարձային։
Մի օր մայրը նրան ասաց. «Դուրս արի պատշգամբ և մի երգ երգիր։ Թող մարդիկ մի փոքր ուրախանան»։
Սկզբում նա հրաժարվում էր։ Սակայն երբ առաջին անգամ երգեց և տեսավ մարդկանց ժպիտները, պատշգամբներից հնչող ծափահարությունները, հասկացավ, որ այդ երգերը միայն իր մասին չեն։ Դրանք մարդկանց հույս էին վերադարձնում։ Այդպես շուրջ քառասուն օր շարունակ ամեն երեկո նույն ժամին Բրյուսելի մի թաղամաս սպասում էր Տիգրան Խանջարյանի երգին։
Այդ օրերի առաջին երգը պատահական չէր։ Դա Շառլ Ազնավուրի «La Bohème»-ն էր՝ ստեղծագործություն, որը նա առաջին անգամ լսել էր յոթ-ութ տարեկանում և որն այսօր էլ իր կյանքի խորհրդանիշներից է համարում։ Նրա համար Ազնավուրը միայն մեծ արտիստ չէ։ Նա մարդ է, որի միջոցով մանկության տարիներին Բելգիայում բացատրում էր, թե որտեղ է Հայաստանը։ Երբ մարդիկ չէին ճանաչում երկիրը, նա պարզապես ասում էր. «Գիտե՞ք Շառլ Ազնավուրին։ Նա հայ է»
Շառլ Ազնավուրը Տիգրան Խանջարյանի համար ուղենիշ է, որը մանկուց ուղեկցել է նրան։ Եթե պետք է ընտրի մեկ երգ, որը դարձել է իր կյանքի խորհրդանիշն ու թալիսմանը, նա առանց վարանելու նշում է «La Bohème»-ը։
«Այդ երգը լսել եմ յոթ-ութ տարեկանում, և այդ օրվանից այն միշտ ինձ հետ է եղել։ Երբ հոգնած եմ կամ դժվար շրջան եմ ապրում, բավական է այն միացնեմ, և, կարծես, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Այդ երգի խոսքերը չափազանց խորն են, չափազանց մարդկային»,-ասում է նա։
Պատահական չէր, որ համավարակի օրերին հենց այդ ստեղծագործությամբ էլ սկսվեց նրա պատշգամբային համերգաշարը։ Հաջորդ առավոտյան, երբ արթնացավ, տեսավ, որ տեսանյութն արդեն տասնյակ հազարավոր դիտումներ ունի։
«Այդ ժամանակ հասկացա, որ երաժշտությունը շատ ավելի մեծ ուժ ունի, քան ես էի պատկերացնում»։
Հենց այդ օրերից սկսվեց նաև այն ճանապարհը, որը նրան բերեց դեպի մեծ բեմ։ Տարիներ անց մի իրադարձություն նոր շրջադարձ դարձավ նրա կյանքում։ Բելգիայում կազմակերպվել էր Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված մեծ համերգ։ Տիգրանն անկեղծորեն սպասում էր, որ ինքը ևս կլինի մասնակիցների թվում։ Ոչ թե անձնական հավակնության պատճառով, այլ որովհետև համոզված էր՝ լինելով ֆրանսախոս, ապրելով Բելգիայում և տարիներ շարունակ ներկայացնելով հայկական մշակույթը, կարող էր յուրահատուկ կերպով փոխանցել Ազնավուրի արվեստը։ Սակայն հրավիրվածների ցանկում նրա անունը չկար։
«Չեմ թաքցնի, վիրավորվեցի։ Ոչ թե այն պատճառով, որ ուրիշներն էին երգում։ Ընդհակառակը՝ նրանք հրաշալի արտիստներ էին, որոնց շատ եմ գնահատում։ Բայց մտածում էի՝ եթե Ազնավուրի երգերի ուժը հենց խոսքի մեջ է, ապա որքանո՞վ կարելի է ամբողջությամբ փոխանցել դրանք, եթե լեզուն քոնը չէ»։
Այդ երեկոն, նրա խոսքով, դարձավ այն պահը, երբ որոշեց այլևս ոչնչի չսպասել։
«Այդ գիշեր գրեթե չքնեցի։ Ինձ խոստացա, որ մի օր ինքս եմ կազմակերպելու Ազնավուրին նվիրված համերգը։»
Հաջորդ օրը նա սկսեց աշխատել։ Փնտրեց երաժիշտների, ընտրեց դահլիճը, կազմեց ծրագիրը։ Ամիսների աշխատանքի արդյունքում ծնվեց մի համերգ, որով, ինչպես ինքն է ասում, կարողացավ իր ձևով շնորհակալություն հայտնել Շառլ Ազնավուրին։
«Դա պարզապես համերգ չէր։ Դա իմ շնորհակալությունն էր այն մարդուն, որի երգերը տարիներ շարունակ ուղեկցել են ինձ»։
Տիգրան Խանջարյանի հետ զրուցելիս՝ դժվար է չնկատել, որ նրա համար երաժշտությունը երբեք չի սահմանափակվում միայն բեմով։ Նա հաճախ կրկնում է, որ երաժշտությունն ազգային ինքնության ամենաուժեղ պահապաններից մեկն է։
«Երաժշտությունն այն լեզուն է, որը հասկանում են բոլորը։ Երբ հայրենիքից հեռու ես և հանկարծ լսում ես հայկական երգ, անկախ նրանից՝ ժողովրդակա՞ն է, դասակա՞ն, թե՞ ժամանակակից, մի ակնթարթում վերադառնում ես տուն։»
Նրա համոզմամբ, հատկապես սփյուռքում ապրող հայերի համար երգը շատ ավելին է, քան ժամանցը։ Դա հիշողություն է, լեզու է, կապ է հայրենիքի հետ։
«Երաժշտությունը քեզ անընդհատ հիշեցնում է, թե ով ես, որտեղից ես եկել և ինչ արմատներ ունես»։
Սակայն հայկական ինքնության մասին խոսելիս՝ առաջին հերթին հիշում է ոչ թե բեմը, այլ ընտանիքը։ Նրա մանկության տունը փոքրիկ Հայաստան էր։ Ծնողները խիստ էին մի հարցում՝ տանը պետք է խոսվեր միայն հայերեն։
«Մենք գիտեինք նաև ֆրանսերեն, բայց հայերենը երբեք չպետք է կորեր։ Այդ հարցում ծնողներս սկզբունքային էին։ Այսօր հասկանում եմ, թե որքան ճիշտ էին նրանք»։
Նույն սկզբունքն այսօր նա փոխանցում է արդեն սեփական երեխաներին։ Նրանք հաճախում են հայկական դպրոց, տանը խոսում են հայերեն, իսկ Հայաստանի պատմությունը նրանց ընտանիքում նույնքան կարևոր է, որքան առօրյա կյանքը։
«Հայրենասիրությունը միայն դրոշ բարձրացնելը չէ։ Դա նախ և առաջ քո պատմությունը ճանաչելն է, լեզուդ պահելն ու այն փոխանցելը հաջորդ սերնդին»։
Բայց, նրա կարծիքով, հայկականությունը պահպանելու գործում միայն ընտանիքը բավարար չէ։ Շատ կարևոր է նաև համայնքը։ Տիգրանը մեծացել է մի միջավայրում, որտեղ բազմաթիվ հայկական ընտանիքներ կային։ Նրանք միասին էին մեծանում, միասին էին տոնում հայկական տոները, հայերեն էին շփվում։
«Եթե ամբողջ շրջապատդ օտար լինի, ժամանակի ընթացքում սկսում ես ձուլվել։ Իսկ երբ կողքիդ հայ ընկերներ կան, լեզուն ու մշակույթը բնական ճանապարհով պահպանվում են։ Կարծում եմ՝ իմ հայկական ինքնության ձևավորման մեջ ընկերությունն այնքան մեծ դեր է ունեցել, որքան ընտանիքը»։
Տիգրան Խանջարյանը ժպտում է, երբ հիշում է մանկության տարիները։ Ոչ թե այն պատճառով, որ դրանք հեշտ էին, այլ որովհետև հենց այդ տարիներին առաջին անգամ հասկացավ, թե ինչ է նշանակում ապրել մի երկրում, որտեղ քո հայրենիքի մասին գրեթե ոչինչ չգիտեն։
«Դպրոցում, երբ ասում էի, որ հայ եմ, դասարանի երեխաների մեծ մասը նույնիսկ չգիտեր, թե որտեղ է Հայաստանը»,-հիշում է նա։ Սկզբում դա նրան զարմացնում էր, հետո՝ տխրեցնում։
Նույնը հաճախ կրկնվում էր նաև մեծահասակների հետ հանդիպելիս։ Երբ ընտանիքով ներկայանում էին որպես հայեր, անխուսափելիորեն հնչում էր նույն հարցը՝ «Իսկ որտե՞ղ է Հայաստանը»։
«Սկզբում փորձում էի քարտեզով բացատրել, հետո հասկացա, որ շատ ավելի հեշտ ճանապարհ կա։ Մորս օրինակով հարցնում էի՝ «Գիտե՞ք Շառլ Ազնավուրին»։ Երբ պատասխանում էին՝ «Այո», ասում էի՝ «Նա հայ է»։ Այդ պահին ամեն ինչ փոխվում էր։ Ազնավուրը դառնում էր Հայաստանի մասին պատմելու ամենագեղեցիկ կամուրջը»։
Այսօր, սակայն, նա նկատում է, որ իրավիճակը փոխվել է։ Հայաստանը շատ ավելի ճանաչելի է դարձել, թեև դեռ անելիքներ շատ կան։
«Ցավալի է, երբ մարդիկ չգիտեն քո հայրենիքի մասին։ Բայց ես երբեք չեմ ընդունել դա որպես վիրավորանք։ Ավելի շուտ մտածել եմ, որ մենք դեռ բավականաչափ չենք պատմել մեր երկրի մասին»։
Հենց այդ պատճառով էլ նա համոզված է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ որոշ չափով նաև Հայաստանի ներկայացուցիչն է, դեսպանը։
«Մարդիկ հաճախ Հայաստանը ճանաչում են առաջին հերթին հայի միջոցով։ Եթե դու արժանապատիվ ես, եթե լավ մասնագետ ես, եթե հարգանքով ես վերաբերվում մարդկանց, նրանք նույն կերպ են սկսում ընկալել նաև քո երկիրը»։
Տիգրանի համար հայկական ինքնությունը միայն ազգանուն կամ անձնագիր չէ։ Դա ամենօրյա ընտրություն է։
Ընտրություն՝ խոսել հայերեն, երեխաներին ուղարկել հայկական դպրոց, նրանց պատմել պատմությունը, լսել հայկական երաժշտություն, մասնակցել համայնքային կյանքին։
«Ծնողներս մեզ սովորեցրել են, որ հայրենասիրությունը միայն զգացմունք չէ։ Դա պատասխանատվություն է։ Եթե դու ապրում ես արտերկրում, հատկապես պետք է ջանք գործադրես, որպեսզի չկորցնես այն, ինչ քեզ հայ է դարձնում»։
Նա համոզված է, որ ինքնությունը պահպանելու գործում ամենամեծ դերը կրկին ընտանիքինն է։
«Եթե տանը հայերեն չի հնչում, եթե երեխան չի լսում հայկական երգ, եթե չգիտի իր ժողովրդի պատմությունը, հետո շատ դժվար է այդ բացը լրացնել»։
Բայց կա ևս մեկ ուժ, որը, նրա կարծիքով, հաճախ թերագնահատվում է. երաժշտությունը։
«Երաժշտությունն այն լեզուն է, որը սահմաններ չի ճանաչում։ Այն կարող է քեզ մի քանի րոպեում տեղափոխել Հայաստան։ Երբ լսում ես Կոմիտաս, ժողովրդական երգ կամ նույնիսկ ժամանակակից հայկական երաժշտություն, զգում ես, որ հայրենիքից այնքան էլ հեռու չես»։
Տիգրանն իր երաժշտական ճանապարհի մասին խոսելիս հիշում է մեկ մարդու՝ Աննա Թագակչյանին՝ իր առաջին երգի հեղինակը, որը մի անգամ նրան ասել էր.
«Երաժշտությունը թմրանյութի նման է։ Եթե իսկապես սիրես այն, այլևս երբեք դուրս չես գա այդ աշխարհից»։
Այդ խոսքերի իմաստը նա տարիների ընթացքում է հասկացել։
«Այսօր հասկանում եմ, որ նա ճիշտ էր։ Ամեն նոր երգից հետո ուզում ես գրել հաջորդը։ Ամեն համերգից հետո սկսում ես սպասել հաջորդ բեմին։ Դա կախվածություն չէ սովորական իմաստով։ Դա այն զգացողությունն է, երբ հասկանում ես, որ հենց բեմի վրա ես ամենաշատը դու ինքդ»։
Նա տարբերություն է դնում աշխատանքի և արվեստի միջև։
Կորպորատիվ միջոցառումները, ասում է, իր մասնագիտության մի մասն են, հնարավորություն՝ ապահովելու ընտանիքի բարեկեցությունը։
Բայց մեծ համերգներից հետո երկար ժամանակ չի կարողանում վերադառնալ առօրյային։
«Տուն եմ գալիս, բայց դեռ ժամերով ապրում եմ այդ էներգիայով։ Հանդիսատեսի հետ ստեղծված կապը, մարդկանց աչքերը, ծափահարությունները… Դրանք այնպիսի զգացողություն են տալիս, որ անմիջապես սկսում ես մտածել՝ իսկ հաջորդ համերգը ե՞րբ է լինելու»։
Զրույցի ավարտին խնդրում եմ պատկերացնել, որ տարիներ անց իր երեխաներն ու թոռները կկարդան այս հարցազրույցը։ Ի՞նչ կցանկանար նրանց փոխանցել։
Տիգրանը երկար չի մտածում։
«Կուզեմ, որ ամեն մարդ գտնի իրեն։ Եթե մարդը գտել է իր տեղը կյանքում, նա արդեն երջանիկ է։ Կարևոր չէ՝ երաժիշտ կլինի, բժիշկ, ուսուցիչ, թե ֆուտբոլիստ։ Կարևորն այն է, որ սիրի այն, ինչ անում է, և երբեք չվախենա իր երազանքներից»։
Հետո մի փոքր դադար է տալիս և ավելացնում մի միտք, որն, ըստ էության, ամփոփում է իր ամբողջ պատմությունը.
«Իսկ հայ լինելու համար պետք է պարզապես չմոռանաս, թե որտեղից ես եկել։ Լեզուդ, պատմությունդ, մշակույթդ քեզ հետ տանես, որտեղ էլ ապրես։ Եթե դա կարողանաս փոխանցել նաև երեխաներիդ, ուրեմն ամենակարևոր գործն արդեն արել ես»։