Հայաստան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

3 րոպեի ընթերցում

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում օգոստոսի 3-ին մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա է եղել նաև Հայաստանի ներքին գործերի  նախարար Արփինե Սարգսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, հյուրեր։

Արփինե Սարգսյանը աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու համար Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությանը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական կազմը փաստում է համատեղ աշխատանքի և գիտական փորձի փոխանակման հանձնառության մասին։ Նրա խոսքով՝ աշխատաժողովը միջոցառման մասնակիցների համար մասնագիտական նոր հնարավորությունների դաշտ է ստեղծելու։

«Աշխատաժողովը ոչ միայն պայմանագրի արդյունավետ իրականացմանը միտված փորձ է, այլև՝ Հայաստանի Հանրապետության դիմակայության բարձրացման հնարավորություն։ Ուզում եմ փաստել, որ Հայաստանը հավատարիմ է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի նպատակներին և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Նշելով, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կարևոր ներդրում ունի միջազգային մշտադիտարկման համակարգում, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի ներգրավվածությունը վկայում է Հայաստանի՝ ոլորտում ակտիվ դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անձնակազմին և գործընկեր կառույցներին՝ միջոցառման կազմակերպման գործում ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։

Աշխատաժողովում ելույթներ են ունեցել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչ Յասին Շաարին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի նորարարական լուծումներին, ինչպես նաև սիմուլիացիոն վարժանքների միջոցով կկատարելագործեն մասնագիտական հմտությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում