Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել
2 րոպեի ընթերցում

Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, այսօր մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել Կառավարության հրաժարականը՝ համաձայն Սահմանադրության 158-րդ հոդվածի, որն ուղղված է Հանրապետության նախագահին»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընթերցեց ՀՀ նախագահին ուղղված գրությունը, որի տակ էլ այնուհետև դրեց իր ստորագրությունը.
«Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը՝ խնդրում եմ ընդունել Կառավարության հրաժարականը»։
Վարչապետն ընդգծեց, որ գրությունն այսօր կուղարկվի ՀՀ նախագահին և նախագահը, Սահմանադրության համաձայն, կընդունի Կառավարության հրաժարականը։
«Ասեմ նաև, որ այս պայմաններում մինչև նոր Կառավարության ձևավորումը, Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ Իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է, որ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին և համապատասխանաբար տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի։ Լավ օր եմ մաղթում բոլորիդ և սիրում եմ բոլորիդ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։