Պատրաստ ենք տալ իրանական կողմին հուզող բոլոր հարցերի պատասխանները. ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ TRIPP նախագծին
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը համեստ, փոքր պետություն է և որպես միջնորդ՝ Իրանին Միացյալ Նահանգների հետ հաշտեցնելու ամբիցիոզ մտադրություններ չի կարող ունենալ, որովհետև խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն, ըստ Փաշինյանի, այդքան էլ լավ ու ճիշտ չէ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնեց կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։
Անդրադառնալով TRIPP նախածի հետ կապված իրանական կողմի մտահոգություններին՝ Փաշինյանը նշեց, որ Իրան կատարած իր վերջին այցի ընթացքում և դրանից առաջ էլ շատ հստակ ասել է, որ հայկական կողմը գործում է բաց ու թափանցիկ։
«Մենք պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետև TRIPP-ը տնտեսական, ենթակառուցվածքային շատ խոշոր ու շատ կարևոր նախագիծ է։ Դա միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Հայաստանին ու Իրանին։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը Իրանի, Ադրբեջանի, Նախիջևանի, Հայաստանի ու Վրաստանի տարածքով»,- ասաց Փաշինյանը
Նրա գնահատմամբ՝ դա այն ուղղություններից մեկն է, որն ի չիք է դարձնում այն քննադատությունները, որոնց համաձայն՝ TRIPP նախագծի իրականացումը դուրս է թողնում տարածաշրջանի որևէ երկրի։
«Ընդհակառակը, սա ներգրավող նախագիծ է և, իհարկե, դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը։ Հույս ունեմ, որ հնարավորինս շուտ կայունություն կհաստատվի, որպեսզի մենք կառուցողական բոլոր նախագծերը կարողանանք իրականացնել»,- ասաց Փաշինյանը։