«Վարչաֆեսթ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 100 բենդ. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ
3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում հավանություն տվեց 10 մլն դրամ մրցանակային հիմնադրամով «Վարչաֆեսթ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի կազմակերպմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցով զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ, ելնելով մշակույթի և մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, ինչպես նաև բոլոր հնարավոր գործիքակազմերով ստեղծագործականության խթանմանն ուղղված Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից՝ փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա։
Այս տարի միջոցառումն անցկացվելու է օգոստոսի 21-22-ը՝ Սևանա լճի ափին։ Նույն տարածքում, որտեղ անցկացվում է «Սևան Ստարտափ սամմիթ»-ը։ Ըստ նախարարի, նախատեսված են այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն թե՛ որակյալ հնչողություն, թե՛ շատ մեծ դիտողականություն։
Նշվեց, որ մրցույթ փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 100 բենդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից, նաև Կանադայից և Ավստրիայից։
Մասնակիցների ընտրությունը պրոֆեսիոնալ ժյուրին կկատարի 2 փուլով։ Ընդ որում, արդեն վաղը կամփոփվեն առաջին փուլի արդյունքները։ Մասնակիցներն ընտրվում են առցանց ուղարկած տեսաձայնագրությունների հիման վրա։
Երկրորդ փուլ անցած 50 բենդերի լսումները կանցկացվեն մարզերում և Երևանում՝ օգոստոսի 5-11-ը։ Լավագույն գնահատականի արժանացած 20 բենդերը կմասնակցեն օգոստոսի 21-22-ը կայանալիք եզրափակիչ մրցույթ փառատոնին։ Հաղթողը և մրցանակակիրները կորոշվեն պրոֆեսիոնալ ժյուրիի և ներկա հանդիսականների քվեարկության միջոցով։
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 13-33 տարեկանները։ Երաժշտական խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն երեք հոգուց։
Փառատոնի մրցանակային հիմնադրամը 10 միլիոն դրամ է։ Սահմանված են գլխավոր, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված մրցանակներ։
Տեղում կկազմակերպվի վրանային ճամբար, որը կնպաստի մասնակիցների շփմանը, նոր գաղափարների և ստեղծագործական ծրագրերի քննարկմանը։ Վրանները մասնակիցներին կտրամադրվեն խորհրդանշական գներով։
Գործելու են 30 տաղավարներ, որոնցում ներկայացվելու է Գեղարքունիքի մարզի տնտեսվարողների արտադրանքը։
Փառատոնի շրջանակում մատուցվելու են նաև այլ ծառայություններ, կազմակերպվելու են մարզական խաղեր։ Ակնկալվում է, որ ավելի քան 3000 մարդ կայցելի փառատոնին։