Երևանում բացվել է Լյանչժուի 5300-ամյա քաղաքակրթությանը նվիրված գերիմերսիվ ցուցահանդեսը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահում ներկայացված են Չինաստանի Ճեճյան նահանգային թանգարանից բերված հարյուրից ավելի առարկաներ, որոնք պատմում են շուրջ 5300 տարվա պատմություն ունեցող Լյանչժուի քաղաքակրթության մասին։ Ֆիզիկական ցուցանմուշների և նորագույն թվային տեխնոլոգիաների համադրմամբ ստեղծված ցուցադրությունը հնարավորություն է տալիս այցելուներին վիրտուալ իրականության միջոցով բացահայտել հնագույն քաղաքի պատմությունը, մշակույթն ու ծիսական ավանդույթները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կազմակերպվել է Չինաստանի Ճեճյան նահանգային թանգարանի, «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիայի, Հայաստանի նկարիչների միության և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

Ցուցադրությունում ներկայացված են Լյանչժուի քաղաքակրթության մասին պատմող տարբեր առարկաներ, այդ թվում՝ նեֆրիտի մշակույթի և հնագույն արհեստների նմուշներ։ Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված ինտերակտիվ հատվածը հնարավորություն է տալիս այցելուներին վիրտուալ իրականության միջոցով տեսնելու հնագույն քաղաքը, ծանոթանալու այդ ժամանակաշրջանի մարդկանց կյանքին, քաղաքաշինական առանձնահատկություններին և ծիսական համակարգին։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը կարևորել է նման միջազգային նախագծերի իրականացումը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը հայ-չինական մշակութային կապերի ամրապնդման գործում։

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի մեծ նախագիծ իրականանում է Հայաստանի նկարիչների միությունում։ Երբ «Հայ-չինական գործընկերության կենտրոնի» տնօրեն Արմեն Մխիթարյանի հետ քննարկեցինք այս նախագիծը, մեծ ուրախությամբ համաձայնեցի մասնակցել։ Այս ծրագրի շրջանակում ստորագրեցինք եռակողմ հուշագիր՝ մշակութային համագործակցության զարգացման նպատակով»,-նշել է Սուրեն Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ հայ-չինական մշակութային համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, և նման ծրագրերը հնարավորություն են տալիս երկու ժողովուրդներին առավել լավ ճանաչելու միմյանց պատմությունն ու մշակույթը։

«Այսօրվա տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն ֆիզիկապես տեսնել ցուցադրվող նմուշները, այլև ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպես է ստեղծվել և զարգացել այս ավելի քան հինգհազարամյա քաղաքակրթությունը»,-ասել է նա։

Սուրեն Սաֆարյանը նշել է նաև, որ ցուցահանդեսում ներկայացված նմուշները բնօրինակներ չեն, քանի որ թանգարանային արժեքների տեղափոխումը սահմանափակ է։ Դրանք նույն թանգարանի կողմից պատրաստված կրկնօրինակներ են, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնելու Լյանչժուի մշակութային ժառանգությունը։

«Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանի խոսքով՝ ցուցահանդեսը ներկայացնում է չինական քաղաքակրթության կարևորագույն ակունքներից մեկը։

«Մենք ներկայացնում ենք Լյանչժուի քաղաքակրթությունը, որը Չինաստանի պատմության կարևոր սկզբնաղբյուրներից է։ Ցուցադրությունն ունի երկու բաղադրիչ՝ ֆիզիկական ցուցանմուշներ և ինտերակտիվ, վիրտուալ իրականության հատված, որի միջոցով այցելուները կարող են տեսնել քաղաքը, մարդկանց առօրյան և ծիսական ավանդույթները»,-հավելել է Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ Լյանչժուի քաղաքակրթությունը հայտնի է նեֆրիտի, բրնձի մշակման, ջրաշինարարական համակարգերի և քաղաքաշինության զարգացման պատմություններով։

«Կարծում եմ՝ այս հնագույն քաղաքակրթության ներկայացումը հայ հասարակությանը հետաքրքիր հնարավորություն է՝ հատկապես այն ձևաչափով, երբ ավանդական ցուցադրությունը համադրվում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ»,-նշել է Արմեն Մխիթարյանը։

«Գոտի և ճանապարհ մշակութային զարգացման ասոցիացիան» 2023 թվականից իրականացնում է մշակութային ծրագրեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում ընդգրկված ավելի քան 140 երկրների միջև՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, փառատոններ, համաժողովներ և այլ միջոցառումներ։

«Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է Հայաստանում 2017 թվականին և նպատակ ունի զարգացնել Հայաստանի ու Չինաստանի համագործակցությունը մշակույթի, գիտության, կրթության և բիզնեսի ոլորտներում՝ համատեղ ծրագրերի, գիտական նախաձեռնությունների և մշակութային փոխանակումների միջոցով։

Ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահում կգործի մինչև օգոստոսի 31-ը։

 

Հայերեն Русский

ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար

«Վարչաֆեսթ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 100 բենդ. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փոխել է Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ վարչապետն անդրադարձել է, թե ինչն է խանգարում Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններին

Դարանակում 2018-2025 թթ-ին 561 միլիոն 24 հազար դրամ ներդրմամբ իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր

Ծակքարում խմելու ջրի մատակարարման նոր պոմպակայանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները

Գառնիում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14–ամյա Վահե Ապիկյանը

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում բացվել է «Գորգազարդ Հայաստան» ցուցադրությունը

10.9 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է