Հայաստանն ու Իրանը կարող են մեծացնել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները․ Խուդաթյան
2 րոպեի ընթերցում
Հայաստանն ու Իրանը տեխնիկական հնարավորություններ ունեն մեծացնելու «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով փոխանակվող գազի և էլեկտրաէներգիայի ծավալները։ Ծրագրի ընդլայնման ժամկետները դեռևս հստակեցված չեն․ դրանք կքննարկվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Նախ հանդիպման ժամանակ արձանագրել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի շատ էլեկտրաէներգիայի կարիք, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ գազի կարիք։ Մենք որոշակի ծավալով հաջողությամբ իրականացնում ենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, և ակնհայտ է, որ ծրագիրն ավելի մեծ ծավալներով իրականացնելու հնարավորություններ ունենք։ Նկատի ունեմ, օրինակ, որ խողովակի թողունակությունն ավելի մեծ է»,- ասաց Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո Հայաստանը կկարողանա մեծացնել նաև Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը։
«Հետևաբար՝ այդ գործարքն ընդլայնելու, այսինքն՝ ավելի մեծ ծավալով գազ և ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար մատակարարելու և ստանալու հնարավորություն ունենք։ Պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծել»,- նշեց նախարարը։
Հուլիսի 25-ին Թեհրանում Դավիթ Խուդաթյանը հանդիպել էր Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հետ։ Կողմերը քննարկել էին Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալների մեծացումը, էներգետիկ առևտրի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները։