Տնտեսություն

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով

4 րոպեի ընթերցում

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի առաջին վեց ամիսներին աճել է 7․9 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում 7․9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հունիսին այն 4․4 տոկոսով բարձր է եղել մայիսի և 7․7 տոկոսով՝ 2025 թվականի ամռան առաջին ամսվա ցուցանիշից:

Աճի տեմպերով առաջատար է մնում շինարարության ոլորտը, որի զարգացման ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին 24․5 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 282 մլրդ 220 մլն դրամ։ Հունիսին՝ մայիսի համեմատ շինարարության ծավալներն աճել են 19․5 տոկոսով՝ գնահատվելով 74 մլրդ 883․4 մլն դրամ։ Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 25․4 տոկոս է:

Առաջընթացի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում է հայտնվել ծառայությունների ծավալը (առանց առևտրի)։ Ոլորտն առաջին կիսամյակում 11 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 148 մլրդ 598․5 մլն դրամ: Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 5․7, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 19․7 տոկոսով: Հունիսին ծառայությունների ծավալը գնահատվում է 414 մլրդ 966․7 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հունիսին 10․8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 522 մլրդ 502․1 մլն դրամ: Ընդ որում, հունիսին՝ մայիսի համեմատ արտադրանքի ծավալը կրճատվել է 3․1 տոկոսով, սակայն 4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը: Հունիսին արտադրվել է 256 մլրդ 702․6 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:

Առևտրի շրջանառությունը տարվա առաջին վեց ամիսներին 0․9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ հասնելով 3 տրլն 155 մլրդ 866 մլն դրամի: Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 6․3 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 0․1 տոկոսով։ Հունիսին իրականացվել է 585 մլրդ 949․6 մլն դրամի առևտուր:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն առաջին կիսամյակում 11․9 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և գնահատվում է 310 մլրդ 50․5 մլն դրամ։

Սպառողական գների ինդեքսը հունվար-հունիսին 4.6 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Հունիսին՝ մայիսի համեմատ, նվազել է 0.5, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 5․1 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հունիսին 8․9 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Հունիսին՝ մայիսի համեմատ, աճել է 0․2, իսկ 2025-ի հունիսի համեմատ՝ 8․8 տոկոսով:

Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 4 մլրդ 657․5 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հունիսին՝ մայիսի համեմատ արտադրությունն աճել է 1, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 7․7 տոկոսով: Հունիսին արտադրվել է 663․5 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:

Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (մայիս՝ 579.8, հունիս՝ 616.2) այն ևս ներառված չէ:

Հաշվետու ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։ 

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում