Հայաստանում հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7․3 տոկոսով
4 րոպեի ընթերցում

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոս ամիսներին 7․3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Օգոստոսին այն 4․5 տոկոսով բարձր է եղել հուլիսի և 5․2 տոկոսով՝ 2025 թվականի ամռան վերջին ամսվա ցուցանիշից:
Աճի տեմպերով առաջատար է մնում շինարարության ոլորտը, որի զարգացման ցուցանիշն այս տարվա առաջին ութ ամիսներին 24․7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 471 մլրդ 645․9 մլն դրամ։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ շինարարության ծավալներն աճել են 16․9 տոկոսով՝ գնահատվելով 102 մլրդ 402․7 մլն դրամ։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճը 23․8 տոկոս է:
Առաջընթացի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում է հայտնվել ծառայությունների ծավալը (առանց առևտրի)։ Ոլորտը հունվար-օգոստոսին 12․8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 3 տրլն 29 մլրդ 514․9 մլն դրամ: Ընդ որում, օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է 1․3, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 11․4 տոկոսով: Օգոստոսին ծառայությունների ծավալը գնահատվում է 420 մլրդ 544․4 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին 7․4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 70 մլրդ 479․4 մլն դրամ: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ արտադրանքի ծավալն աճել է 1․9 տոկոսով, սակայն 4․3 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշից: Օգոստոսին արտադրվել է 277 մլրդ 401․6 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:
Առևտրի շրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին 0․7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ հասնելով 4 տրլն 390 մլրդ 33․6 մլն դրամի: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճել է 1․3, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 0․1 տոկոսով։ Օգոստոսին իրականացվել է 620 մլրդ 129․4 մլն դրամի առևտուր:
Սպառողական գների ինդեքսը հունվար-օգոստոսին 4.5 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճել է 0.2, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 4․4 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը տարվա առաջին ութ ամիսներին 8․8 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է 0․2, իսկ 2025-ի հունիսի համեմատ՝ աճել է 8․9 տոկոսով:
Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 6 մլրդ 268․4 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 5․3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ արտադրությունն աճել է 3․6, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ նվազել է 4 տոկոսով: Օգոստոսին արտադրվել է 819․7 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:
Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (մայիս՝ 579.8, հունիս՝616.2, հուլիս՝ 772.3, օգոստոս՝ 854.0) այն ևս ներառված չէ։
Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։