Հայաստան

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

5 րոպեի ընթերցում

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի ամբողջական արգելքը, որով պետությունը նպատակ ունի կրճատել պլաստիկ թափոնների ծավալը և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոլորտի մասնագետների հանդիպում-քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը նշեց, որ պլաստիկի օգտագործման աստիճանական կրճատումը ներառված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։

Նրա խոսքով՝ առաջին փուլում սահմանափակվել էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը, իսկ ներկայիս նախագիծը շուրջ երեք տարի քննարկվել է տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

«Արտադրողների հետ բազմիցս քննարկել ենք վերապրոֆիլավորման հնարավորությունները, գնահատել վնասներն ու ռիսկերը։ Այդ պատճառով էլ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվեց, որպեսզի տնտեսվարողները ժամանակ ունենան անցնելու այլընտրանքային արտադրության։ Այսօր արդեն կան ընկերություններ, որոնք արտադրում են կենսաքայքայվող բնական հումքից պատրաստված տոպրակներ»,-նշեց նա։ Ավետիսյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան առաջանում է ավելի քան 14 հազար տոննա պլաստիկ թափոն։

Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի խոսքով՝ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ իրականացվել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ քաղաքացիներին և տնտեսվարողներին փոփոխություններին նախապատրաստելու համար։

«Տարիներ շարունակ իրականացրել ենք իրազեկման միջոցառումներ։ Բնության պետական թանգարանում կազմակերպվել են «Երկրորդ կյանք թափոնին» կրթական աշխատարաններ, որտեղ աշակերտները սովորել են, թե ինչպես կարելի է վերօգտագործել թափոնները։ Իրազեկման ակցիաներ են անցկացվել նաև մարզերում, փակցվել են տեղեկատվական պաստառներ, իսկ սուպերմարկետների և միջազգային գործընկերների հետ համատեղ քաղաքացիներին բաժանվել են բազմակի օգտագործման այլընտրանքային տոպրակներ»,-նշեց նա։

Սակայն արտադրողները մտահոգված են նոր կարգավորումներով։

«Ռոյալ Փրինթ» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Ամլիկյանի գնահատմամբ՝ ոլորտի բազմաթիվ ընկերություններ զգալի ներդրումներ են կատարել պլաստիկ արտադրության սարքավորումների ձեռքբերման համար և այժմ կանգնած են ֆինանսական կորուստների առաջ։

«Եթե արտադրության մեջ մտնեն թղթե բաժակներ, ամեն ինչի գինը թանկանալու է, դրանից քաղաքացիներն են տուժելու։ Բոլոր երկրներում էլ պլաստիկ օգտագործում են։ Թղթե բաժակի մեջ ևս կա պոլիէթիլենային հատկություն՝ 15 միկրոն, ու այնպես չէ, որ բաղադրությունը հենց  թուղթ է»,-ասաց նա։

Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միավորման նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ օրենքի կիրառումը պետք է որոշ ժամանակով հետաձգվի։

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է սուբսիդավորման ծրագրերով աջակցի արտադրողներին նոր տեխնոլոգիաների անցման հարցում, հակառակ դեպքում հնարավոր են աշխատատեղերի կրճատումներ և գործազրկության աճ։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ օրենքի փոփոխություններն անհրաժեշտ են շրջակա միջավայրի պահպանության համար։

«Մենք տարիներ շարունակ վնասել ենք բնությանը, և դրա հետևանքներն արդեն ակնհայտ են։ Պլաստիկ թափոնը բնության մեջ կարող է պահպանվել շուրջ 200 տարի, իսկ այրման դեպքում առաջացնում է ավելի վտանգավոր արտանետումներ։ Վերամշակման մեխանիզմները վաղուց գոյություն ունեն, անհրաժեշտ է դրանք արդյունավետ կիրառել»,-ասաց նա։

Նշենք, որ օրենքով արգելվելու են բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակներն ու պարկերը, մեկանգամյա օգտագործման պլաստիկ և փրփրապլաստե ափսեները, բաժակները, գդալները, պատառաքաղները, դանակները, ըմպելիքների խառնիչներն ու ձողիկները, բաժակների պլաստիկ կափարիչները, ինչպես նաև փրփրապլաստե սննդի տարաները։

Միաժամանակ պահպանվելու են որոշ բացառություններ. կթույլատրվեն ապրանքների կշռափաթեթավորման համար նախատեսված շատ բարակ պարկերը, ինչպես նաև վերամշակված հումքից պատրաստված աղբի տոպրակները։

Օրենքի պահանջները խախտած տնտեսվարողների նկատմամբ սկզբում կկիրառվի նախազգուշացում, իսկ կրկնակի և հետագա խախտումների դեպքում կսահմանվի 100 հազարից 150 հազար դրամ վարչական տուգանք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում