ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Միացյալ Թագավորությունում մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդունելության մասին ՇՄ նախարարը մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ, որին կից հրապարակել է նաև լուսանկարներ։
«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնակցեցի Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։
Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը։
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ գործընկերության շարունակական զարգացումը՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։