Հայաստան

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

4 րոպեի ընթերցում

Գործարկվել է  COP17-ի պաշտոնական կայքը

Գործարկվել է Հայաստանում անցկացվելիք COP17-ի պաշտոնական կայքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

«Այստեղ կգտնեք համաժողովի վերաբերյալ անհրաժեշտ և շարունակաբար թարմացվող տեղեկատվությունը, այդ թվում՝համաժողովի մասին ընդհանուր տեղեկություններ, Կապույտ (Blue Zone) և Կանաչ (Green Zone) գոտիների վերաբերյալ տեղեկատվություն, մասնակցության և գրանցումների ընթացակարգեր, միջոցառումների օրակարգեր, հարակից միջոցառումների և տաղավարների վերաբերյալ տեղեկություններ, նորություններ, օգտակար ուղեցույցներ, հաճախ տրվող հարցեր և այլ կարևոր նյութեր»,-գրել է նա, տեղեկացնելով, որ կայքի մի շարք բաժիններ դեռևս գտնվում են համալրման և շարունակական թարմացման փուլում։

Հակոբյանի խոսքով՝ առաջիկա շաբաթներին կայքը կհարստանա նոր բովանդակությամբ և օգտակար տեղեկատվությամբ՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների առաջընթացին զուգահեռ։

2026 թվականի հոկտեմբերի 19–ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

COP17-ը կանցկացվի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում` միավորելով նաև Կենսաբանական անվտանգության մասին Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ (CP-MOP-12) և Գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների արդար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ (NP-MOP-6) հանդիպումները։

Համաժողովը կարևոր հանգրվան կլինի գլոբալ բնապահպանական օրակարգում, քանի որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։ Քննարկումների կենտրոնում կլինեն կենսաբազմազանության կորստի կանխարգելումը, էկոհամակարգերի վերականգնումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը, կլիմայի փոփոխության և բնության փոխկապակցվածությունը, ինչպես նաև բնապահպանական ֆինանսավորման և միջազգային համագործակցության ամրապնդման հարցերը։

COP17-ը հանդիսանում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում որոշում կայացնող բարձրագույն հարթակ, որտեղ ձևավորվում են կենսաբազմազանության պահպանության գլոբալ առաջնահերթությունները և պետությունների համատեղ գործողությունների ուղղությունները։

Հայաստանի համար COP17-ի անցկացումը պատմական իրադարձություն է և կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու երկրի հարուստ կենսաբազմազանությունը, բնապահպանական քաղաքականությունը և միջազգային բնապահպանական գործընթացներում ակտիվ ներգրավվածությունը։ Հայաստանը, գտնվելով կենսաբանական և լանդշաֆտային բազմազանությամբ հարուստ տարածաշրջանում, վերահաստատում է իր հանձնառությունը բնության պահպանության, կայուն զարգացման և ապագա սերունդների համար առողջ շրջակա միջավայրի ապահովման ուղղությամբ։

COP17-ը նաև լայն հնարավորություններ կստեղծի հանրային իրազեկման, գիտելիքի փոխանակման, երիտասարդների ներգրավման և միջազգային համագործակցության ընդլայնման համար՝ միավորելով համաշխարհային ջանքերը հանուն բնության և կենսաբազմազանության պահպանության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում