Պետական մարմինները ԱԲ ծրագրերի իրականացման համար կկարողանան օգտվել 181 հզոր գրաֆիկական պրոցեսորից

4 րոպեի ընթերցում

Հայաստանի հանրային իշխանության մարմիններին նախատեսվում է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ տրամադրել՝ արհեստական բանականության վրա հիմնված ծրագրեր մշակելու, փորձարկելու և պետական ծառայություններում ներդնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած որոշման նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից պետության ձեռք բերած գրաֆիկական պրոցեսորային հզորություններից։ Հանրային մարմիններին և պետական աջակցության ծրագրի մյուս շահառուներին տրամադրվող ռեսուրսների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել 181 առաջատար GPU-ի հզորությունը։

Հիմնավորման համաձայն՝ պետությունը «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից հինգ տարի ժամկետով ձեռք է բերում 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ GPU հզորություններ։ Պայմանագիրը կնքվել է 2026 թվականի ապրիլին։

Հանրային իշխանության մարմինները հաշվողական ռեսուրսներ ստանալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն պետք է ներկայացնեն արհեստական բանականության ծրագրի հայտ՝ հիմնավորումներով և տեխնիկական մանրամասներով։

Հայտում պետք է ներկայացվեն ծրագրի նպատակը, կիրառման ոլորտը, շահառուների շրջանակը, համակարգի տեխնիկական կառուցվածքը, օգտագործվող ծրագրային և ապարատային տեխնոլոգիաները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության միջոցները։

Պետական մարմինը պետք է նշի նաև իրեն անհրաժեշտ GPU և CPU ժամերի քանակը, օպերատիվ հիշողության ու տվյալների պահպանման պահանջվող ծավալները, ծրագրի տևողությունը, իրականացման փուլերը և ակնկալվող արդյունքները։

Առանձին պետք է հիմնավորվի, թե ինչ խնդիր է լուծելու ծրագիրը, ինչպես է այն բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը, կրճատելու ծախսերը կամ բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Նախարարությունը հայտը կուսումնասիրի 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս հինգ աշխատանքային օրով։

Գնահատման գործընթացին կարող են անվճար հիմունքներով ներգրավվել անկախ փորձագետներ, մասնագիտական կազմակերպություններ և այլ պետական մարմիններ։ Շահերի բախում ունեցող փորձագետը պարտավոր կլինի դադարեցնել տվյալ հայտի ուսումնասիրությանը մասնակցությունը։

Նախարարության ուսումնասիրությունից հետո հայտը կներկայացվի Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդին։ Խորհուրդը կարող է հավանություն տալ ծրագրին, վերադարձնել այն լրամշակման կամ մերժել՝ ներկայացնելով մերժման պատճառները։

Եթե ծրագրի իրականացման համար GPU-ից բացի անհրաժեշտ լինեն նաև այլ ռեսուրսներ՝ CPU, օպերատիվ հիշողություն կամ տվյալների պահեստավորում, Խորհուրդը կորոշի դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորման չափն ու աղբյուրը։

Ռեսուրս ստացած պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն կներկայացնեն դրանց օգտագործման և արձանագրված արդյունքների մասին։

Բոլոր դիմողները մինչև ռեսուրսների տրամադրումը և դրանց օգտագործման ընթացքում կենթարկվեն հաճախորդի ճանաչման՝ KYC ընթացակարգերով ստուգման։

Նախագծով նախատեսվում է պետական մարմիններին հաշվողական ռեսուրսներ տրամադրել նաև Amazon Web Services ընկերության հետ կնքված համաձայնագրով ձեռք բերված հնարավորություններից՝ պետական բյուջեից համապատասխան միջոցների հատկացման դեպքում։

Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեից կպահանջվի շուրջ 957,8 միլիոն դրամ։

Կարգավորման նպատակն է արհեստական բանականության կիրառմամբ արագացնել պետական ծառայությունների թվայնացումը, ավտոմատացնել վարչարարությունը, զարգացնել տվյալահեն որոշումների ընդունումը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արագ ու հասանելի։

Հայերեն Русский

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը