Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը և Սաուդյան Արաբիայի վարչապետ, թագաժառանգ Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի նախագահի գրասենյակը։
Թագաժառանգը հաստատել է Սաուդյան Արաբիայի Թագավորության աջակցությունը Լիբանանին։ Նա վերահաստատել է իրենց վճռականությունը Լիբանանի համար անհրաժեշտ բոլոր ոլորտներում օգնություն ցուցաբերելու հարցում՝ լիբանանյան կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակներում։
Թագաժառանգը նախագահ Աունին հրավիրել է այցելել Սաուդյան Արաբիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկելու համար։
Նախագահ Աունը շնորհակալություն է հայտնել արքայազն Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզին՝ Լիբանանի նկատմամբ ցուցաբերած աջակցության և նրա տնտեսությունն ամրապնդելու համար ձեռնարկած միջոցառումների համար:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Թագավորություն այցելելու հրավերի համար և ընդունել այն։