Իրան

Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել

2 րոպեի ընթերցում

Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 18-ին Իրաքի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ-ի երկու զինծառայող, ևս մեկը համարվում է անհետ կորած։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրաքում զինծառայողը զոհվել է իրանական խոցված հարվածային անօդաչու թռչող սարքի «չպայթած զինամթերքի վերահսկվող պայթեցման» ժամանակ։ Դեպքի հետևանքով վիրավորվել է ևս մեկ զինծառայող։

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում արդեն իններորդ օրն անընդմեջ՝ խորացնելով ռազմական լարվածությունը։

Վերջին օրերին երկու կողմերն էլ իրար մեղադրանքներ են ներկայացնում կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա հարձակումներ իրականացնելու համար։ Վաշինգտոնը վերականգնել է իրանական նավահանգիստների շրջափակումը, իսկ Թեհրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին և հարվածներ հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներին։ Փաստացի կողմերի միջև կնքված հրադադարը չի գործում։

ԱՄՆ-ի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ վերջին հարվածների նպատակն էր «թուլացնել Իրանի հնարավորությունները՝ սպառնալու Հորմուզի նեղուցով իրականացվող առևտրային նավագնացությանը», ինչպես նաև «արագ պատժել» Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) այն ուժերին, որոնք, ԱՄՆ-ի պնդմամբ, պատասխանատու են Հորդանանում իրականացված հարձակման համար։

Իրանի դեմ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի զոհերի թիվը հասել է 17-ի։

Իսկ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վերջին երեք շաբաթների ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում