Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հուլիսի 16-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն համագործակցությունը միջուկային զսպման ոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Կստեղծվի ֆրանս-գերմանական ղեկավար խումբ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Նա խոստացել է, որ կհաստատվեն համագործակցության «կոնկրետ ուղղությունները»։ Այդ համագործակցությունը կվերաբերի «նախազգուշացման առաջատար համակարգին», «խորքային հարվածներին» և «հակահրթիռային պաշտպանությանը»։ Գործակալությունը նշում է, որ ըստ որում Ֆրանսիան կպահպանի միջուկային զենքի կիրառման վերջնական որոշման՝ իր իրավունքը։
Երկու ղեկավարների հանդիպումը պետք է տեղի ունենա նախարարների ֆրանս-գերմանական խորհրդի շրջանակում, որը կկայանա հուլիսի 16-ին և 17-ին Բրյուսելում։ Մակրոնը և Մերցը կքննարկեն նաև Եվրոպայի մրցունակության հարցերը, թվային տեխնոլոգիաները, պայքարը տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ և անդրսահմանային համագործակցությունը։
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է անցնել «առաջադեմ զսպման» հայեցակարգին, որը ենթադրում է համատեղ զորավարժությունների անցկացում գործընկեր երկրների հետ, ինչպես նաև Ֆրանսիայի ռազմավարական ուժերի տարրերի տեղակայում եվրոպական մայրցամաքի այլ պետությունների տարածքում։
Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել էր հանրապետության միջուկային զինանոցի ընդլայնման ծրագրերի մասին՝ նշելով, որ Փարիզն այլևս մտադիր չէ հրապարակել միջուկային մարտագլխիկների ճշգրիտ թիվը։