Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ
6 րոպեի ընթերցում
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալել է ականավոր կինոպատմաբան և ռեժիսոր Մարկ Քազընսին։ Նրա «Կինոյի պատմություն. ոդիսական» (The Story of Film: An Odyssey) վավերագրական շարքը լիովին վերաձևակերպել է ժամանակակից կինոն, իսկ նրա ծավալուն գործունեությունը՝ որպես հեղինակ և վավերագրող, շարունակում է ոգեշնչել կինոսերներին ամբողջ աշխարհում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոփառատոնի շրջանակում հուլիսի 14-ին Քազընսը հանդիպեց իր արվեստի երկրպագուների հետ։
Նրա խոսքով՝ կինոն սեր էր առաջին հայացքից։ «Դպրոցում շատ դանդաղ էի կարդում և հասկանում էի, որ բառերի աշխարհում չեմ գտնելու ինձ, սակայն ինձ շատ դուր են գալիս պատկերները, որոնց օգնությամբ բավականին դյուրին է խոսել սիրո, վայելքների, կորստի մասին։ Բնականաբար, այդ ժամանակ չէի մտածում, որ ֆիլմեր եմ նկարահանելու։ Հայրս մեխանիկ էր, մայրս՝ տնային տնտեսուհի։ Մեր տանը գրքեր չկային, թանգարաններ չէինք այցելում, սակայն կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ»,-հիշում է Քազընսն ու վստահեցնում՝ երբ սիրում ես կյանքը, պետք է սիրես նաև կինոն։ Նա այլ տարբերակ չի տեսնում։
Ռեժիսորը փորձել է պատկերել կյանքը՝ սիրո մասին խոսելով։ Ըստ նրա՝ կինոն աշխարհին ասում է, որ սիրում է նրան, ասում է, որ սիրում է մարդկանց։
Հանդիպմանը ցուցադրվում էին լուսանկարներ, հատվածներ Մարկ Քազընսի մանկությունից, նրա ստեղծած ֆիլմերից, որոնք նա սիրով էր մեկնաբանում։ Փոքր տարիքի լուսանկարներից մեկը դիտելիս` նա հիշեցրեց, որ մեծացել է Բելֆաստում։ «Երեխան, որը նայում է էկրանից, ժպտում է, սակայն իրականում նա նյարդային է, ամոթխած է։ Երբ նա գնաց կինոթատրոն, զգաց, որ ուժեղանում է, հասկացավ, որ վիթխարի է դառնում, և կինոն նրա համար ապահով հովանի դարձավ։ 1970-ականների ֆիլմերին, որոնք բլոքբաստերներ եմ համարում, արձագանքում էր իմ ամբողջ նյարդային համակարգը, ասես քաղց կար, որն անհրաժեշտ էր լրացնել»,-նշեց նա։
Կինոն լավագույնս ճանաչելու, սիրելու գործում Մարկ Քազընսի կյանքում մեծ դերակատարություն է ունեցել հեռուստատեսությունը։ Նա անգամ թևի վրա դաջվածքներ է արել, թե այս կամ այն ֆիլմը երբ և որ ժամին է ցուցադրվելու։ Քազընսը դիտել է «Ալֆրեդ Հիչքոքի ժամը» սերիալն ու այդ ժամանակ է հասկացել, թե ինչ է նշանակում լինել ռեժիսոր, որն ունի ձայն, պատկերի նկատմամբ յուրահատուկ մոտեցում։ Նրան տպավորել են նաև Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերը։
«Իրականում, երբ նոր ես սկսում ֆիլմեր ստեղծել, սկզբում չգիտես, թե ինչ ես փնտրում։ Վերջնարդյունքը չես էլ գտնում։ Ես մթության մեջ էի խարխափում, ինձ թվում էր, թե ես զայրացած ռեժիսոր եմ։ Սկզբնական շրջանում մի քանի ֆիլմ ստեղծեցի, որոնք զայրացած նյարդ ունեին, հետո սկսեցի ինձ հետազոտող երևակայել, հասկացա՝ այն, ինչ անում եմ, վիզուալ պատկերման մասին է։ Կան վերբալ և պատկերային աշխարհներ, և դա կարմիր թելի պես անցնում է իմ բոլոր ֆիլմերով։ Պատկերները միմյանց կապակցելը շատ կարևոր է, սակայն ես միշտ անսպասելի ճեղքեր եմ թողնում։ Պատկերացրեք՝ արհեստական բանականությունը կարող է ամեն բանի տրամաբանական լուծում տալ։ Ես իրականացրել եմ փաստագրական ֆիլմերի ոդիսականը, իսկ ԱԲ-ն ի՞նչ արեց, միանգամից ամփոփ ներկայացրեց այն, ինչ ես 1990-ականներից եմ ստեղծում։ Ասացի՝ գրողը տանի քեզ, ԱԲ»,- պատմեց ռեժիսորն ու ընդգծեց, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվելու է իր «Հունաստան» ֆիլմը, կինոնկար, որով փորձել է մեկնաբանել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը։ Քազընսը վստահեցրեց, որ արհեստական բանականությունը չի կարող մեկնաբանել Փելեշյանի ֆիլմերը։
Նա կարծում է՝ վավերագրությունը կինոարտադրության կեսն է, և բոլոր ֆիլմերի իննսուն տոկոսը վավերագրություն է, նույնիսկ հոլիվուդյան այն ֆիլմերը, որոնցում խաղում է Մերիլին Մոնրոն։ Ռեժիսորը շեշտում է՝ մենք նայում ենք նրա դեմքին, կառուցվածքին, և նույնիսկ դա վավերագրություն է։
«Այժմ մենք վավերագրության մասին ենք խոսում նոր գիտակցված մոտեցմամբ։ Վավերագրությունը միշտ տարբեր է եղել՝ նայիր, տես, այնտեղ է, աչքիդ առաջ է։ Խնձոր է, պիցցա, թե այլ բան, այն կարող է լինել գեղեցիկ կամ տգեղ, դա սուբյեկտիվ է, բայց այն, ինչ ցույց եմ տալիս, վավերագրություն է։ Չկա ավելի լավ բան, քան վավերագրությունն է։ Այն հաստատում է կյանքը, իրականությունը և այն, ինչ գիտենք»,-շեշտեց ռեժիսորը։
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել հեղինակի 16 ժամ տևողությամբ ուղևորության 120 րոպեանոց 5-րդ գլուխը, որի կենտրոնում 1970-ականներն են։ 2010-ականներին «Կինոյի պատմություն․ ոդիսական» կինոկտավով արդեն իսկ շահելով կինոսերների սրտերն ու ավելի լայն հանդիսատեսին ծանոթացնելով կինոարվեստի մեկդարյա ճանապարհորդության հրաշալիքներին՝ Քազընսն այս անգամ է՛լ ավելի է որոշակիացնում իր հայացքը՝ սևեռվելով ոչ խաղարկային կինոյի վրա։ Ցուցադրելով կադրեր հարյուրավոր հայտնի ու անհայտ ֆիլմերից և անցկացնելով ամենաանսպասելի զուգահեռները՝ Քազընսն արտակադրային ձայնով մեկնաբանում է կինոարվեստը որպես անսպառ փոխազդեցությունների և փոխներգործությունների անվերջանալի շղթա, որտեղ ներկան ապագան է ծնում՝ սնվելով անցյալից։