Եվրոպա

Բուլղարիան աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիան պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովան, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստին:

«Բուլղարիայի վերապահումները հաշվի են առնվել, և մենք պատրաստ ենք աջակցել փաթեթին», - ասել է նա։

Բուլղարիան առարկում էր, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկվեն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը և «Լուկօյլ» ընկերության սեփականատեր և նախկին նախագահ Վագիտ Ալեքպերովը: Բուլղարիան պնդում էր, որ պատրիարքի ընդգրկումը որևէ տնտեսական կամ ֆինանսական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի վրա և չի օգնի պատերազմի ավարտին: Միևնույն ժամանակ նման միջոցը, հավանաբար, կօգտագործվի քարոզչական նպատակներով, այդ թվում՝ հակաեվրոպական տրամադրություններ բորբոքելու համար:

Ինչ վերաբերում է Ալեքպերովին, ապա Բուլղարիան պնդում էր, որ նրա ներկայությունը պատժամիջոցների փաթեթում զգալի բացասական հետևանքներ կունենա Բուլղարիայի տնտեսությունում կարևոր դեր խաղացող «Լուկօյլ» խմբի ընկերությունների գործունեության համար։

Պետրովան նշել է, որ դեռևս լիարժեք համաձայնություն չկա Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող պատժամիջոցների վերաբերյալ՝ էներգետիկ ոլորտում Հունաստանի և ֆինանսական ոլորտում Ավստրիայի առարկությունների պատճառով։

«Ակնհայտ է, որ ազգային դիրքորոշումը պաշտպանելը չի ​​հանգեցնում մեկուսացման: Բուլղարիան կարող է հասնել իր նպատակներին, երբ կարողանա պաշտպանել իր դիրքորոշումը հիմնավորված փաստարկներով»,- մեկնաբանել է Պետրովան։

Արտգործնախարար Պետրովան Բրյուսելում նաև հայտարարել է, որ հուլիսի 15-ին կմեկնի Կիև՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ բանակցություններ վարելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում