ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ռազմական դիմակայության վերսկսման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է [Պարսից] ծոցում լուրջ էսկալացիայով և ռազմական դիմակայության վերսկսմամբ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավերի դեմ իրանական կողմի հարձակումներով, Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներով և Իրանի կողմից հարևան պետություններում թիրախների դեմ հարձակումներով։ Այս հարձակումները պետք է դադարեցվեն», - նշվում է հայտարարության մեջ։
Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել հետագա էսկալացիայից և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ։
Նշվում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքներ կունենա ինչպես տարածաշրջանի բնակիչների, այնպես էլ միջազգային խաղաղության, անվտանգության և համաշխարհային տնտեսության համար։
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Իրանին և ԱՄՆ-ին շտապ վերսկսել բանակցությունները և չլուծված հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով», - նշվում է հայտարարության մեջ։