Գորիսում շուտով կգործի նոր լողավազան՝ երեխաներին մատուցելով ջրաբուժական ծառայություն

6 րոպեի ընթերցում

ԵՄ-ի և Գորիսի համայնքապետարանի համաֆինանսավորման շնորհիվ Սյունիքի մարզի Գորիս համայնքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար շուտով շահագործման կհանձնվի նոր լողավազան, որտեղ նրանց կմատուցվի ջրաբուժական ծառայություն։  Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ»  ծրագրի շրջանակում, որն իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։

Գորիսի համայնքապետարանի ֆինանսական բաժնի ղեկավար Նարեկ Մնացականյանը կարևորելով ջրաբուժության դերը՝ ընդգծեց, որ նման ծառայության կարիքը զգացվում է ՀՀ բոլոր համայնքներում։

«Գորիս համայնքը կարողացավ կազմակերպել և միջոցներ հատկացնել՝ համագործակցելով միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացել են տվյալ ոլորտում։ Կարճ ժամանակահատվածում ծառայությունը լիարժեքորեն կմատուցվի և կունենա շատ շահառուներ։ Բացի այդ, ջրաբուժություն ասելով՝ պետք է արձանագրենք, որ լողավազանից կարող են օգտվել ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող երեխաները, այլև բոլոր դեռահասները։ Սոցիալական բնույթի նման ծառայության մատուցումը կարող է լավ օրինակ լինել մյուս համայնքների համար՝ հիմք ստեղծելով հետագա համագործակցության և այլ բնույթի սոցիալական ծառայությունների մատուցման համար»,- ասաց Մնացականյանը։

Նրա տեղեկացմամբ՝ սովորաբար համայնքներում առկա ամենացավոտ խնդիրներից մեկն այս կամ այն ծրագրի կայուն ֆինանսավորումն է, քանի որ խնդիրները բավականին շատ են, իսկ միջոցները՝ համեմատաբար քիչ։

«Բայցևայնպես կոնկրետ տվյալ ծրագրի մասով կան որոշակի միջոցներ հատկացնելու որոշում։ Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ջրաբուժական ծառայությունը լինի շարունակական ու երկարաժամկետ։ Ձգտելու ենք զարգացնել նաև այլ ոլորտներին առնչվող սոցիալական ծառայությունները»,- ասաց Մնացականյանը։

Լողավազանը համայնքապատկան կառույց է, շահագործվելուց հետո մեթոդական ուղեկցում կիրականացնի «Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ-ն։ «Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ-ի նախագահ Շուշանիկ Միրումյանը նշեց, որ ջրաբուժական ծառայությունն իր բնույթով յուրահատուկ է և այս պահին առաջինն ու միակն է Գորիսում և մերձակա համայնքներում։

«Շատ անհրաժեշտ ու կարևոր այս ծառայությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող 6-16 տարեկան երեխաների և պատանիների վերականգնողական բուժմանը։ Մինչ այս պահը Գորիսում նման լողավազան չի եղել և այս մասն ամբողջությամբ բաց էր։ Մտածում ենք, որ լողավազանը կիրառվի որպես հնարավորություն նաև նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների համար՝ կանխելով նրանց հենաշարժական համակարգի հետ կապված բոլոր ծագող խնդիրները։ Երեխաներն այստեղ կարող են նաև լողալ սովորել»,- ասաց Միրումյանը։

Նրա համոզմամբ՝ Գորիս համայնքում «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ»  ծրագրի արդյունքում սոցիալական հանձնաժողովի ստեղծումը բավականին լավ գաղափար է, առավել ևս, որ հանձնաժողովն իրականացրել է վերահսկման ու մոնիթորինգի գործառույթներ լողավազանի կառուցապատման ամբողջ գործընթացում և ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն։

«Հուսով ենք, որ հանձնաժողովի գործունեությունը ապագայում նույնպես կլինի արդարացված ու պահանջված։ Բոլոր հարցերը, որոնք առնչվում են սոցիալական և առողջապահական ոլորտներին, հանգամանորեն քննարկվում են հանձնաժողովում։ Դրական արդյունքներն արդեն տեսանելի են»,- ասաց Միրումյանը։

«Արմենպրես»-ի ստեղծագործական խումբն այցելեց լողավազանի շենք և տեղում ծանոթացավ կառուցապատման աշխատանքների եզրափակիչ փուլին։ Նախագծի համաձայն՝ շենքում իսկապես առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին բարձրորակ ջրաբուժական ծառայություն մատուցելու համար։ Շինարարության ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները, որոնք կարող են նպաստել երեխաների մատչելի տեղաշարժին և հարմարավետ կենսակերպին։ Տեղաբնակ երեխաները լողավազանի բացմանը սպասում են անթաքույց անհամբերությամբ և համոզված են, որ այս կառույցը զգալիորեն կաշխուժացնի իրենց առօրյան՝ միատեղելով հաճելի ժամանցն ու առողջական խնդիրների լուծումը։    

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։

«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համատեղ ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ պետությունները՝ Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։

Հայերեն English

Ագաթանգեղոսի 7 հասցեում շարունակվում են բարեկարգման աշխատանքները․ տարածքը կվերածվի նոր հանրային գոտու

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին

Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում

Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-10/07/26

Ասիական ինդեքսներ - 10/07/26

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու շուրջ քննարկումներին

Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters

Բուլղարիայի Կրայմորիե ձկնորսական նավահանգիստը կրկին արժանացել է «Կապույտ դրոշ» էկոլոգիական հավաստագրին․ BTA