Էստոնիան ծրագրում է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքեր և հեռահար զենքեր գնել
1 րոպեի ընթերցում

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հեռահար խոցման միջոցներ գնել՝ Տալլինի և Կիևի միջև նախկինում ստորագրված անօդաչու համակարգերի վերաբերյալ պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը Euractiv-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն արդեն որոշել է Ուկրաինայի հետ համագործակցության հիմնական ոլորտները: Դրանք ներառում են «հեռահար զենքեր, ԱԹՍ-ներ և մարտադաշտի կառավարման համակարգեր»:
Նախարարը նշել է, որ նոր համաձայնագիրը թույլ կտա ստեղծել համատեղ ձեռնարկություններ պաշտպանական արդյունաբերության ոլորտում և արտադրական գծեր բացել Էստոնիայում: Սակայն արտադրությունը սկսելու համար Կիևը պետք է արտահանման լիցենզիա տրամադրի երկրից դուրս զենքի արտադրության համար: «Շատ ընկերություններ արդեն արտադրում են Ուկրաինայում, բայց նրանք պետք է սկսեն արտադրությունը Էստոնիայում», - հավելել է նա: