Ամփոփվել են Գավառ համայնքում անցկացված հանրային քննարկումները
1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի բնակավայրերում ավարտվել են 2027 թվականի ծրագրերի ձևավորման նպատակով կազմակերպված հանրային քննարկումները, որոնց ընթացքում համայնքի բնակիչները, վարչական ղեկավարները և ոլորտային պատասխանատուները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկներն ու մտահոգությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, քննարկումների մասնակիցներն անդրադարձել են համայնքի բնակավայրերում առկա տարբեր խնդիրներին և զարգացման առաջնահերթություններին՝ կապված ճանապարհների, ջրամատակարարման, բարեկարգման, համայնքային ենթակառուցվածքների, կրթամշակութային և սպորտային ոլորտների, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր զարգացման հետ։
«Հանրային քննարկումները հնարավորություն տվեցին տեղերում լսելու բնակիչների կարծիքները, արձանագրելու առաջնահերթ խնդիրները և ձևավորելու այն ուղղությունները, որոնք հիմք կծառայեն համայնքի 2027 թվականի ծրագրերի մշակման համար։
Համայնքի զարգացումը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի և յուրաքանչյուր բնակչի մասնակցության շնորհիվ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։