Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Թուրքիայի Անկարա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Մոտեգի Տոշիմիցուն և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Հյոնը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի ստեղծել եռակողմ համագործակցության շրջանակ՝ ուղղված այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման արագացմանը՝ սկզբնական փուլում կենտրոնանալով Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը։  

«Համագործակցության մասին այս փաստաթուղթն առաջ է մղում մեր ընդհանուր անվտանգության շահերը և հնարավորություն ընձեռում գործընկեր երկրներին՝ բավարարելու իրենց էներգետիկ անվտանգության կարիքները։ Այն ուրվագծում է հնարավորություններ մեր երեք երկրների համար, որոնք քաղաքացիական միջուկային ոլորտում ունեն փոխլրացնող առավելություններ՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը իրենց համապատասխան միջուկային արդյունաբերությունների միջև։ Այս շրջանակի նպատակն է խրախուսել կայանների սերիական կառուցման մոդելները, որոնք նվազեցնում են նախագծերի իրականացման հետ կապված ռիսկերը, ապահովում մասշտաբի էֆեկտ, խթանում մասնավոր ներդրումները, պարզեցնում լիցենզավորման գործընթացները և օպտիմալացնում մատակարարման շղթաները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Համակարգված եռակողմ մոտեցումը հնարավորություն է ընձեռում ամերիկյան, ճապոնական և կորեական ընկերություններին՝ տարածաշրջանի գործընկերներին առաջարկելու ավելի մրցունակ այլընտրանքներ՝ նրանց աճող էներգետիկ պահանջարկը բավարարելու և միջուկային անվտանգության, պաշտպանվածության ու չտարածման ամենաբարձր չափանիշները պահպանելու համար՝ ռեակտորային նոր տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմանը զուգընթաց։

Ի աջակցություն այս նախաձեռնության՝ Միացյալ Նահանգներն ավելի քան 10 միլիոն դոլարի նոր ֆինանսավորում է հատկացնում Պետդեպարտամենտի «Փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու կիրառման հիմնարար ենթակառուցվածք» ծրագրին՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին անվտանգ, ապահով և հուսալի միջուկային էներգիայի ներդրման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով։ Հատկացված միջոցները կնպաստեն փոքր մոդուլային ռեակտորների նախագծերի մշակման աշխատանքների առաջխաղացմանը և տարածաշրջանային ուսումնական կենտրոնի ստեղծմանը։

«Միացյալ Նահանգները նաև ուրախ է հայտնել GE Vernova-ի, Hitachi-ի, Samsung C&T-ի և SGE-ի միջև ձեռք բերված արդյունաբերական նախաձեռնության մասին, որի նպատակն է խթանել BWRX-300 փոքր մոդուլային ռեակտորների ներդրումը Եվրոպայում։ Այս նախաձեռնությունը կօգնի իրագործել այսօր ստորագրված հուշագրով սահմանված հավակնոտ նպատակները և խորացնել պետական ​​և մասնավոր հատվածների միջև գործընկերությունը՝ գլոբալ էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար»,- ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում