Երկրները պետք է զերծ մնան մեկը մյուսին շրջանցելու նախագծերից, և հենց այդ տեսանկյունից պետք է իրագործվի ԹՐԻՓՓ նախագիծը․ իրանագետի կարծիքը
5 րոպեի ընթերցում
Իրանագետ Նվեր Դավթյանի կարծիքով՝ Հարավային Կովկասում ամբողջական ապաշրջափակման հասնելու ճանապարհին երկրները պետք է զերծ մնան մեկը մյուսին շրջանցելու նախագծերից և կենտրոնանան ընդհանուր շահերի վրա, և հենց այդ տեսանկյունից պետք է իրագործվի ԹՐԻՓՓ նախագիծը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Դավթյանն անդրադարձավ «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման աշխարհատնտեսական և լոգիստիկ առանձնահատկություններին և նախագծի իրագործման հեռանկարներին։
Նրա դիտարկմամբ՝ նախագիծը նախևառաջ ենթադրում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ամբողջական ապաշրջափակման հնարավորություններ, թեև ավելի շատ խոսվում է Մեղրիի հատվածի և Նախիջևանի ուղղությամբ դեպի Իրան, Պարսից Ծոց ու արաբական երկրներ դուրս գալու հնարավորության մասին։
«Եթե ԹՐԻՓՓ-ը պատկերացնենք միայն Արևելք-Արևմուտք հաղորդակցման ուղիների համատեքստում, ապա այն ընդամենը 43 կիլոմետրանոց տարանցման եկամուտների հնարավորություն է ենթադրում, գուցե, նաև լավ հարաբերությունների ամրապնդում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև, բայց եթե փորձենք ավելի ընդգրկուն տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում հարցը դիտարկել, ապա պետք է նշել, որ այստեղ առաջ է գալիս մի քանի երկրների կենսական շահերի համատեղման անհրաժեշտությունը։ Իրանական երկաթուղին պետք է աշխատի լիարժեք ու Հայաստանով անխոչընդոտ դուրս գա դեպի Սև Ծով»,- ասաց Դավթյանը։
Նա հավելեց, որ այստեղ կարևոր է իրանա-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը, որովհետև տվյալ նախագծի առնչությամբ իրանական կողմը տեսնում է որոշակի ռիսկեր և չի խորշում այդ մասին բարձրաձայնել կամ խնդիրը դիտարկում է այդ ռիսկերը կառավարելու տեսանկյունից։ Դավթյանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի պարագայում հնարավորությունները տարբեր են։
«Խնդիրն այն է, թե որքանով կկարողանանք վերոհիշյալ ռիսկերը պահել կառավարելիության տիրույթում, որպեսզի իրանա-ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում այդ նախագիծը չտուժի կամ Հայաստանը՝ որպես տարածաշրջանային կարևոր ենթակառուցվածքային հանգույց, ձեռնունայն չմնա, այսինքն՝ կան խնդիրներ, որոնց հանգուցալուծումը պայմանավորված չէ միայն մեզանով։ ԹՐԻՓՓ-ը չի ենթադրում միայն Մեղրիի 43 կիլոմետրանոց հատվածում հաղորդակցման ուղիների կառուցում, նաև պետք է երկաթուղային ելք ապահովի Հայաստանի համար դեպի Պարսից Ծոց, իսկ Իրանի համար՝ դեպի Սև ծով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Հայկական կողմը պաշտոնական Թեհրանի համար տնտեսական, ենթակառուցվածքային, քաղաքական առումներով որոշակի գայթակղիչ գործոններ է ներկայացնում և միշտ փորձել է հենվել այդ գործելակերպի վրա ու համոզել իրանցի գործընկերներին, որ իրանական երթուղին գործելու է անխափան։ Պաշտոնական Թեհրանին մասնավորապես հետաքրքրում է Ջուլֆա-Նախիջևան-Երասխ հատվածի գործարկումը, ինչն իրանական կողմի տեսանկյունից կարևոր բաղադրիչ է վերոհիշյալ նախագծում, և ԹՐԻՓՓ-ը պետք է ընձեռի նման հնարավորություն։
«Նախագծի իրականացումը կախված է նաև Ադրբեջանի քաղաքական ցանկությունից։ Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է անխափան հաղորդակցություն ապահովել Նախիջևանի մասով, որովհետև հարցը տեղափոխվում է նաև ադրբեջանական շահերի տիրույթ։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել Թուրքիայի գործոնը ևս, որովհետև դեպի Եվրոպա ելքի ապահովման տեսանկյունից Անկարան փորձում է իր դիրքերն ամրապնդել, հետևաբար, եթե փորձ է արվում Նախիջևանը դուրս բերել մեկուսացվածությունից, ապա պետք է նույն մոտեցումը ցուցաբերվի Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով նաև հայկական շահը։ Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ մեր դիրքերն ավելի առաջ մղենք՝ ներկայացնելով տպավորիչ, վստահություն ներշնչող փաստարկներ։ Ի վերջո, բոլոր երկրները պետք է զերծ մնան մեկը մյուսին շրջանցելու նախագծերից և կենտրոնանան ընդհանուր շահերի վրա, և հենց այդ տեսանկյունից պետք է իրագործվի ԹՐԻՓՓ նախագիծը»,- եզրափակեց Դավթյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հունիսի 4-ին ստորագրել են ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։
Համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապարհին քաղաքական կամ ֆինանսական բնույթի խոչընդոտներ չկան։