Լեհաստանում ԱՄՆ զորքերի ռոտացիան կվերսկսվի շաբաթների ընթացքում. ՊՆ
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները հաստատել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում կվերսկսի Լեհաստանում գտնվող իր զորքերի ռոտացիան՝ գործընթացի ժամանակավոր կասեցումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Վաշինգտոնը մայիսին հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ զորքերի ռոտացիան Լեհաստան։ Սակայն դրանից մի քանի օր անց նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Լեհաստան կուղարկի լրացուցիչ 5000 զինծառայողի:
«Լեհաստանը (ԱՄՆ-ի) հավատարիմ դաշնակիցն է, ուստի ես շատ ուրախացա՝ լսելով, որ ռոտացիան, որը կասեցվել էր մի քանի շաբաթ առաջ, վերադառնում է և կավարտվի առաջիկա շաբաթներին», - ասել է Կոսինյակ-Կամիշը հրթիռների գործարանում կայացած արարողության ժամանակ։
Լեհաստանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատում է ամերիկյան զինվորներին վերադարձնելու ուղղությամբ, բայց դրա ժամանակացույցը հայտնի չէր։
Լեհաստանում գտնվում է մոտ 10 000 ամերիկացի զինծառայող՝ ռոտացիոն հիմունքներով: