Հանրային լսումների ընթացքում Սևան համայնքում արձանագրվել են առաջնահերթ անելիքները
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերում համայնքապետարանի կողմից հրավիրված հանրային լսումների ընթացքում բնակիչները ներկայացրել են բնակավայրերում առկա խնդիրները, իրենց հուզող հարցերը, որոնց արդյունքում էլ արձանագրվել են առաջնահերթ անելիքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հանրային լսումները վարել են բնակավայրերի վարչական ղեկավարները: Արձանագրվել են բնակավայրերի 3-ական առաջնահերթությունները, որոնք ներկայացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ինչպես նաև ներառվելու են Սևան համայնքի 2027 թվականի տարեկան աշխատանքային պլանում:
«Առաջնահերթությունների ցանկը բազմավեկտոր է՝ փողոցների հիմնանորոգում, ոռոգման ցանցի կառուցում, մշակութային օջախների հիմնանորոգում, հեռագնա արոտների ջրարբիացում, խաղահրապարակների, մարզահրապարակների կառուցում, արևային վահանակների տեղադրում, եկեղեցիների և հարակից տարածքների բարեկարգում, թենիսի կորտի, սահադաշտի, ճեմուղու կառուցում և այլն:
Սևան համայնքի խոշորացումից հետո համայնքի հնգամյա զարգացման ծրագրում և տարեկան աշխատանքային պլաններում ներառված բազմաթիվ ծրագրերը և ընթացիկ աշխատանքները կյանքի են կոչվել՝ ապահովելով բնակավայրերի բնականոն կյանքը, նպաստելով համայնքապահպան ծրագրերի իրականացմանը:
Ներկայացված առաջնահերթություններն էլ դառնալու են Սևանի համայնքապետարանի կողմից իրականացվող հետագա աշխատանքների բաղկացուցիչ մասը և ստանալու են փուլային լուծում տարբեր ձևաչափերով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: