ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը
8 րոպեի ընթերցում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներկայացվել են «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուրախ է ներկա գտնվել «Էրազմուս+» ծրագրերի հանրային ներկայացման միջոցառմանը, քանի որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների մակարդակն ու օրակարգը պահանջում են յուրաքանչյուր ծրագրի և յուրաքանչյուր ուղղության ներուժի ամբողջական իրագործում:
«Խոսելով «Էրազմուս+» ծրագրերի մասին՝ առաջին հերթին խոսում ենք համագործակցության մասին։ Եթե մենք այդ համագործակցությունը հաջողությամբ զարգացնում ենք և նոր հորիզոններ ենք բացում մեր եվրոպացի գործընկերների հետ, ապա առավել պարտավոր ենք այն խորացնել նաև մեր ներսում՝ մեր կրթական հաստատությունների, երիտասարդական կառույցների և սպորտային կազմակերպությունների միջև։ Կարծում եմ՝ այդ ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար շատ լավ մշակույթ է ձևավորվել, երբ ծրագրերից մեկի շրջանակում կազմակերպվող միջոցառումը հյուրընկալում է նաև այլ ոլորտների ներկայացուցիչների։
Երբ խոսում էինք «Էրազմուս+» ծրագրերի արդյունավետության մասին, կարևոր խնդիրներից մեկը դրանց բազմազանեցումն էր։ Ուրախ եմ, որ այսօր խոսում ենք ոչ միայն բարձրագույն կրթության ծրագրերի մասին, որոնք, իհարկե, կարևոր են, և որոնց նշանակությունը հնարավոր չէ թերագնահատել։ Դրանք մեր բուհերի համար նաև համագործակցության և աշխատանքի նոր մշակույթի ձևավորման կարևոր հիմք են։ Միաժամանակ ուրախ եմ, որ ունենք ծրագրեր, որոնք ներգրավում են նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի հաստատություններին, երիտասարդական կենտրոններին ու կազմակերպություններին, ինչպես նաև սպորտի ոլորտը։ Սա նշանակում է, որ «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում մեր հնարավորություններն իսկապես մեծ են, և մենք պետք է կարողանանք տարբեր ոլորտների միջև ստեղծել ավելի արդյունավետ համագործակցություն»,- նշեց նախարարը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ «Էրազմուս+» ծրագիրն այսօր շատ ավելին է, քան պարզապես ֆինանսավորման գործիք։ Նրա խոսքով՝ այն կրթության միջազգայնացման, նորարարության, ինստիտուցիոնալ զարգացման և միջազգային համագործակցության կարևորագույն հարթակներից մեկն է, որն արդեն երկար տարիներ նպաստում է նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը։
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար միջազգային համագործակցությունը զարգացման ռազմավարական առաջնահերթություն է։ Այսօր համալսարանն ունի ավելի քան 300 միջազգային գործընկեր համալսարան, որոնց մեծ մասը Եվրոպական միության անդամ երկրներում են։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք «Էրազմուս+»-ի և եվրոպական այլ ծրագրերի, որոնց շնորհիվ իրականացրել ենք ավելի քան 500 երկարաժամկետ և կարճաժամկետ ուսանողական, ինչպես նաև ավելի քան 600 աշխատակազմի շարժունություն։ Բացի այդ, եվրոպական համալսարանների հետ համագործակցությամբ իրականացրել ենք ավելի քան երեք տասնյակ կարողությունների զարգացման ծրագրեր»,- նշեց ռեկտորը։
Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարի ՀՊՏՀ-ն դարձել է Հայաստանի այն սակավաթիվ բուհերից մեկը, որը միաժամանակ ֆինանսավորում է ստացել «Էրազմուս+» կարողությունների զարգացման երեք նախագծերի համար։
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց, որ նախ ցանկանում է արժանին մատուցել «Էրազմուս+» ծրագրին և ազգային գրասենյակին՝ կատարած աշխատանքի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ երիտասարդներին անհրաժեշտ գիտելիքներով զինելու և նրանց ներուժը զարգացնելու համար։
«Ցանկանում եմ հիշատակել նաև մեր՝ շուրջ երկու ամիս առաջ կայացած հանդիպումը ուսանողների հետ։ Թվում է՝ դա դեռ երեկ էր, սակայն այդ հանդիպման ընթացքում ես և Եվրոպական միության անդամ պետությունների մի խումբ դեսպաններ հյուրընկալվեցինք ձեր համալսարանում և հնարավորություն ունեցանք անմիջականորեն շփվելու երիտասարդների հետ։ Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել նման հանդիպումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել համալսարանին այդ նախաձեռնության համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև նախարարությանը՝ կրթության ոլորտի զարգացմանն ուղղված աջակցության և համագործակցության համար։ Մեր հարաբերությունները շարունակում են խորանալ, և այդ մասին են վկայում նաև վերջին ամիսների կարևոր իրադարձությունները։
Կցանկանայի առանձնացնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը հյուրընկալվեց Հայաստանում։ Դրան հաջորդեց նաև Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովը, որի շրջանակում նախանշվեցին մի շարք կարևոր նախաձեռնություններ։ Այժմ մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ նախաձեռնությունները։ »,- նշեց Մարագոսը։
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանն էլ ընդգծեց, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Էրազմուս+»-ի մի շարք նախագծերի շահառու և գործընկեր՝ վերահաստատելով իր ակտիվ ներգրավվածությունը եվրոպական նախաձեռնություններում։
«Ընդհանուր առմամբ, 2025 թվականի արդյունքները կարելի է գնահատել դրական։ Դա փաստում է ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրությունը, որն արտահայտվում է նաև Եվրոպական հանձնաժողով ներկայացված հայտերի թվով։ 2025 թվականին շուրջ 130 հայտային նախագծերում ընդգրկված են եղել հայաստանյան կազմակերպություններ, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել էր շուրջ 100։ Սա վկայում է միջազգային համագործակցության ընդլայնման և ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։
Արդյունքում ֆինանսավորվել է 14 նախագիծ, որոնցից 12-ը՝ կարողությունների զարգացման, իսկ 2-ը՝ վիրտուալ փոխանակումների ուղղությամբ։ Կարողությունների զարգացման ծրագրերից երկուսը վերաբերում են բարձրագույն կրթությանը, մեկը՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին, վեցը՝ երիտասարդությանը, երեքը՝ սպորտին։ Հատկանշական է նաև, որ նախագծերից մեկն իրականացվելու է հայաստանյան կազմակերպության համակարգմամբ։
Սակայն այս թվերը վերջնական արդյունք չեն, այլ նոր ճանապարհի սկիզբ։ Յուրաքանչյուր նախագիծ նշանակում է նոր գաղափար, նոր համագործակցություն և ոլորտներում փոփոխություններ իրականացնելու նոր հնարավորություն»,- ասաց Սարգսյանը։
Ժաննա Անդրեասյան
Արմեն Գրիգորյան
Վասիլիս Մարագոս
Ժաննա Անդրեասյան
Վասիլիս Մարագոս
Մարիանա Սարգսյան