Մարզեր

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

8 րոպեի ընթերցում

«Իմ ընկերն իմ պետությունն է». տարեցների տնային խնամքից օգտվող անձինք Գորիսում այլևս իրենց միայնակ չեն զգում

Սոցիալապես խոցելի խմբերը բնակչության այն հատվածներն են, որոնք ավելի մեծ ռիսկի են ենթարկվում հասարակական, տնտեսական կամ առողջական դժվարությունների, խտրականության ու անհավասարության պատճառով և հաճախ բախվում են սոցիալական մեկուսացման հետ՝ դժվարությամբ ինտեգրվելով հասարակական կյանքում։

Բարեբախտաբար այժմ Սյունիքի մարզի բոլոր համայնքներում մատուցվում են նոր որակի սոցիալական ծառայություններ, որոնք մեծապես օգնում են խոցելի խմբերի շահառուներին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը նշեց, որ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից և իրականացվել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի կողմից,  շատ կարևոր նշանակություն ունի Սյունիքի համար, քանի որ մարտահրավերների առջև կանգնած մարզում այդ ծրագիրը կենսական է հատկապես սոցիալական ծառայությունների բարելավման և նոր ծառայությունների ներդրման առումով։

«Նախկինում գործող ծառայությունները քիչ էին և ոչ բազմազան, հաճախ առաջանում էր մայրաքաղաք մեկնելու և այնտեղ խնդիրները կարգավորելու անհրաժեշտություն։ 2020 թվականի պատերազմից հետո շահառուների քանակը զգալիորեն աճեց, ունեցանք Արցախից բռնի տեղահանված մեծ թվով ընտանիքներ, որոնք ներկայացնում էին տարբեր սոցիալական, խոցելի շերտեր, ուստի այս ծրագիրը մեր մարզի համար ընձեռեց էական հնարավորություններ, որոնք իրականացան վերջին երեք տարիների ընթացքում։ Սյունիքի մարզի բոլոր համայնքներում իրականացվել են տարաբնույթ նախաձեռնություններ՝ համագործակցելով պետական մարմինների, տեղական և միջազգային  կազմակերպությունների հետ ներդրվել են սոցիալական ծառայությունների նոր մոդելներ»,- ասաց Հովակիմյանը։

 Նա մասնավորապես կենտրոնացավ Գորիսում կատարված աշխատանքների վրա։ Եթե նախկինում Գորիսում գործում էր բարեգործական ճաշարան, որն իրականացնում էր միայն սննդապահովում, ապա վերոհիշյալ ծրագրի շրջանակում ավելացած թվով շահառուներին մատուցվում են տարբեր սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ իրականացվում է միայնակ տարեցների տնային խնամք։ 

 «Այս ծրագրի շրջանակում մեծ ձեռքբերում էր նաև մասնագետների, հատկապես սոցիալական աշխատողների վերապատրաստումը, մանավանդ որ պահանջարկը բավականին մեծ էր, ուստի ընձեռվեց նոր որակավորում ստանալու հնարավորություն։ Կարևոր են նաև համայնքի և ՀԿ-ների համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։ Այդպիսին է, օրինակ, վերականգնողական ջրաբուժական ծառայությունը, Այդպիսին է, օրինակ, վերականգնողական ջրաբուժական ծառայությունը, այս ծրագրի իրականացման ընթացքում շինարարական գործընթացը գտնվել է Գորիսի համայնքապետարանի, «Դարման»ՀԿ-ի, համայնքային սոցիալական հանձնաժողովի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և ծրագրի գործընկերների մշտական վերահսկողության ներքո։ Լողավազանը մոտ ապագայում կհանձնվի շահագործման։ Սա մի հնարավորություն է, որպեսզի համայնքում ներառված հաշմանդամություն կամ ներառականություն ունեցող երեխաները կարողնան ստանալ ջրաբուժական, առողջապահական ծառայություններ։ Դրանից կօգտվեն նաև համայնքի սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները»,- ասաց Հովակիմյանը։

 Խոսելով մասնավորապես տարեցների տնային խնամքի ներդրման մասին՝ նա ընդգծեց, որ ծրագիրն իրականացվում է «Համագործակցության կամար» ՀԿ-ի, Գորիսի համայնքապետարանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ։

 «Գորիսում հաշվառված են միայնակ տարեցներ, ովքեր թեև ստանում էին աջակցություն միասնական սոցիալական ծառայության կողմից, սակայն տնային խնամքը խիստ կարևոր է այդ անձանց համար, ուստի այդ ծառայությունն այժմ մատուցվում է նաև համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Նման ծառայությունների ներդրումից հետո համայնքում մարդկանց վերաբերմունքն էապես փոխվել է։ Մենք փորձում ենք նաև կրթամշակութային միջոցառումների միջոցով մարդկանց ուշադրությունը սևեռել խոցելի ընտանիքների կամ անհատների վրա։ Սա ամենակարևոր ձեռքբերումն է»,- ասաց Հովակիմյանը։

«Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը տեղեկացավ, որ միայնակ տարեցներին սովորաբար այցելում է մասնագետներից բաղկացած առանձին խումբ՝ բուժքույր, խնամող և սոցիալական աշխատող։ Մենք Գորիսում այցելեցինք երեք շահառուների՝ 84-ամյա Զոյա Շեգունցը, 77-ամյա Ջեմմա Գոգորյանը և 64-ամյա Լարիսա Տոլպակյանն անչափ գոհ են իրենց մատուցվող ծառայությունից։

Նրանք միայնակ չեն զգում իրենց, ստանում են այդքան անհրաժեշտ ջերմությունն ու հոգատարությունը՝ իրենց թիկունքում զգալով հարազատ երկրի աջակցությունը։ Կոնկրետ Գորիսում «Համագործակցության կամար» ՀԿ-ի կողմից տրամադրվող տնային խնամքի ծառայություններից օգտվում է 25 տարեց ԱՍՀՆ ֆինանսասավորմամբ և ևս 12 միայնակ տարեց՝ Գորիսի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։

 Տարեցների տնային խնամքի շրջանակում մարդիկ մշտապես գտնվում են սոցիալական աշխատողների ուշադրության կենտրոնում, նրանց հաճախ այցելում են բուժքույրեր՝ հետևելով առողջական վիճակին, իսկ խնամողները զգալիորեն թեթևացնում են նրանց առօրյա հոգսերը։ Տարեցներին պարբերաբար այցելում է նաև «Սանտե Արմենի» բժշկական հաստատության բժիշկ-սրտաբանը։ Տարեցների տնային խնամքի ծրագրով հաշվառված մասնագետներն, ըստ էության, տեղայնացրել են միջազգային լավագույն փորձը, և դրան գումարելով տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված սեփական փորձառությունը՝ լավագույնս ապահովում են ծառայութան որակը։ Նրանք  վերապատրաստվել են և կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ ծառայությունն ավելի արդյունավետ մատուցելու համար։

 «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համատեղ ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ պետությունները՝ Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում