Հայաստանը հյուսիսային երթուղու իրագործման շուրջ աշխատում է ԵՄ-ի հետ. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանն ապաշրջափակման թեմայով աշխատում է Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ հյուսիսային երթուղու իրագործման շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։
«Մենք այդ նախագծի իրագործման շուրջ աշխատում ենք Եվրոպական միության հետ»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման ամենապարզ տարբերակը Ղազախ-Իջևան-Վանաձոր-Գյումրի-Ախուրիկ ավտոմոբիլային ճանապարհները միջազգային բեռնատարների համար վճարովի հիմունքներով բացելն է։
Փաշինյանը նշեց, որ ծրագիրը հեշտ իրագործելի է, սակայն դրա համար անհրաժեշտ են քաղաքական պայմանավորվածություններ։
«Պետք է քաղաքական պայմանավորվածությունները ձեռք բերվեն և իրագործվեն։ Իհարկե, նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը պետք է տեղի ունենա»,- ասաց վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ ծրագիրը կարող է տարածաշրջանային մեծ հետաքրքրություն ներկայացնել։
Վարչապետը հավելեց, որ Ախուրիկում ճանապարհի փոքր հատված կառուցելու անհրաժեշտություն կլինի, սակայն դա իրագործելի է։