ԵՄ-ն նախատեսում է առանց մաքսատուրքի ընդունել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառել, ինչը հնարավորություն կտա այդ ապրանքների մի մասը Եվրոպական միություն արտահանել առանց մաքսատուրքի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կվերաբերի Հայաստանից պոտենցիալ արտահանման շուրջ 80 տոկոսին։
«Առանց մաքսատուրքի արտահանման ռեժիմը կտարածվի գյուղատնտեսական նշանակության ապրանքների մոտ 99 տոկոսի, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսի վրա։ Ապրանքների վերջնական ցանկերը դեռևս կճշգրտվեն»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ ԵՄ անդամ պետությունները պետք է հաստատեն որոշումը, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ ընդունի համապատասխան բանաձևը, և դա ժամանակ կպահանջի։
«Քաղաքական մակարդակում խնդիրը, ըստ էության, լուծված է։ Այժմ անհրաժեշտ է մասնավոր հատվածի հետ աշխատել, որպեսզի գործնական մակարդակում ևս կարողանանք լիարժեք օգտվել ստեղծվող հնարավորություններից»,- հավելեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։