Եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանելուց հետո կարող է իրագործման օրակարգ դառնալ ՀՀ-ի՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու խնդիրը. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հաշվի առնելով Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը, ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթուղթը, ինչպե՞ս է տեսնում Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումը և արդյոք այն չի վնասում Հայաստանի բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը:

«Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում, և իմիջիայլոց՝ նաև 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Այլ խնդիր է, թե ինչ էֆեկտիվությամբ և ինչ անկեղծությամբ է այդ օրակարգն իրականացվել:

Եվ հիմա ընտրություններից հետո նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք, ինչպես ասել եմ արդեն, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում, այո, մենք հետևողական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ-որ մեծ պրոբլեմներով՝ ՔՈՎԻԴ, պատերազմ, հետպատերազմական իրավիճակ։ Այսինքն՝ մենք գործնականում լիարժեք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն իրականում չենք ունեցել։

Ե՛վ ընտրությունները, և՛ այս նոր շրջանը, և՛ Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների նոր մակարդակը, և՛ նոր ծավալը մեզ համար ստեղծում է պատմական շանս։ Եվ մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք: Խնդիր համար առաջին, որը մենք պետք է լուծենք՝ լիարժեք, անկեղծ, ամբողջական լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին։ Եվ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որն արդեն քաղաքական հարց է։

Բայց, ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք և անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում, եթե ինչ-որ պատճառով, ասենք՝ Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար, և սա այն ռազմավարական նպատակն է, որը ՀՀ իշխանությունները հետապնդում են։

Փաշինյանը նաև նշել է նաև նոր հնարավորությունները, որոնք բացվում են՝ կապված տարածաշրջանային կապուղիների բացման հետ։

«Ի վերջո, ես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Եվ սա պատմական իրադարձություն է, և մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեր այս ջանքերում հետևողական և ամբողջական աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ, իհարկե, մենք դա շատ բարձր ենք գնահատում։ Նույնիսկ հիմա, որ հետադարձ նայում ենք, աներևակայելի է, թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները, և որևէ նշան չկա, որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են, և ես դրա համար շատ ուրախ եմ»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский