Իրավունք

Վարչապետը ՀՀ-ում արդարության և արդարադատության վերաբերյալ հանրային հստակ կոնսենսուսի ձևակերպման անհրաժեշտություն է տեսնում

6 րոպեի ընթերցում

Վարչապետը ՀՀ-ում արդարության և արդարադատության վերաբերյալ հանրային հստակ կոնսենսուսի ձևակերպման անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում չկա հանրային կոնսենսուս կամ հանրային, պետական կարգախոս կամ ուղերձ այն հարցի շուրջ, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը։ Վարչապետի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է առաջ շարժվել հանրային այդ կոնսենսուսի ձևակերպման ճանապարհով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կարծիք է արտահայտել «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ։

«Անհրաժեշտ է ձևակերպել հստակ հանրային կոնսենսուս, թե ինչ է արդարությունը և արդարադատությունը։ Թվում է, թե պարզ և հասկանալի բառ է, բայց երբ գալիս ենք պրակտիկ տիրույթ, ակնհայտ է դառնում, որ կան հարցեր, որոնց պետք է պատասխանել։ Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս կամ հանրային, պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե ինչ են արդարությունն ու արդարադատությունը»,-ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ իր պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը դիտարկվում է միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը, առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։

Վարչապետի խոսքով՝ ամենակարևոր դրույթն այն է, որ լեգիտիմության մեկ աղբյուր կա, և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, և չի կարող արդարությունն ու արդարադատությունը ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից։

«Իմ կարծիքով՝ մեր իրավական մենթալիտետի և սոցիալ-հոգեբանության մեջ այս պրոբլեմը լրջորեն գոյություն ունի։ Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ։ Ես չեմ ասում, թե ժողովրդի ընկալումներն ու ցանկությունները պետք է ինքնաբերաբար արտահայտվեն արդարության և արդարադատության տեսքով։ Եթե պայմանականորեն ասենք, նույնիսկ այն տեղերում, որտեղ ժողովուրդը վրեժի կամ վենդետայի ցանկություն ունի, արդարության և արդարադատության ինստիտուտները հենց սա պետք է սահմանափակեն, բալանսավորեն և բերեն ճիշտ տրամաբանության մեջ, որպեսզի նաև պոտենցիալ մեղադրվողների կամ ամբաստանվողների շահերը և իրավունքները պաշտպանվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ իրականում այս բանաձևը չի հաջողվել Հայաստանում ներդնել։ Վարչապետի բնորոշմամբ՝ այս խնդիրների լուծման հետևից պետք է գնալ 2 ուղղությամբ․ առաջինը՝ ՀՀ սահմանադրական կարգի լեգիտիմության լիարժեք հաստատմամբ, այսինքն՝ սահմանադրական կարգ, որ հաստատվել է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, և 2-րդը՝ իրավական և իրավաբանական կրթության ոլորտում լրջագույն բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։

«Ես վստահ չեմ, որ Հայաստանում իրավական և իրավաբանական կրթությունը զարգանում է համահունչ այն տրամաբանությունների, որ տեղի են ունենում աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այս ճեղքի հարցը պետք է լուծենք։

Ուզում եմ կիսվել նախընտրական քարոզարշավից հետո իմ թարմ տպավորություններով․ ուղիղ ուզում եմ խոստովանել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ինձ համար ամենամեծ դժվարությունը և բարդությունը ծագել է այնտեղ, որտեղ ես ստիպված եմ եղել պատասխանել մարդկանց հարցերին Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության բացակայության վերաբերյալ։ Ես սա հասկանում և ընդունում եմ, հարգում եմ իշխանությունների տարանջատման, բաժանման սկզբունքը, բոլոր միջազգային չափանիշները և այլն, բայց ի վերջո, ոլորտին վերաբերող բոլոր հարցերը մարդկանց կողմից տրվում են ինձ։ Ամենայն հարգանքով, բայց շատ քչերն են, օրինակ, փողոցում քայլող դատախազին կամ դատավորին կանգնեցնում և հարցնում, թե այս երկրում ինչու արդարություն, արդարադատություն չկա։ Այդ բոլոր հարցերին պատասխանում եմ ես կամ քաղաքական ներկայացուցիչները, և ես ակնկալում եմ, որ Հայաստանում դատաիրավական համակարգը ինձ մատակարարի այդ հարցերի պատասխաններով, որովհետև, պետք է ուղիղ ասեմ, ես այդ հարցերի պատասխանները չունեմ, այդ հարցերն ինձ մոտ էլ են ծագում, բայց այդ հարցերին պատասխանելիս կամ այդ հարցերը բարձրացնելիս ես նաև կաշկանդված եմ իմ լիազորություններով և իմ լիազորությունների սահմանով, բայց քաղաքացին, Հայաստանի ժողովուրդը ոչ մի բանով կաշկանդված չէ, նա ունի հարցեր և այդ հարցերին պետք է տրվեն պատասխաններ»,-շեշտեց վարչապետ Փաշինյանը։

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը երկրում արդարության և արդարադատության հաստատման համար բոլոր այն հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որ կառավարության առաջ դրվել է, այդ հարցերը լուծել է։

«Այդ հարցերը լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ դա բացատրելով, որ մենք այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում