Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի և Բելառուսի հետ Լատվիայի սահմանների երկայնքով անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցների ներդրումը նախատեսվում է մինչև այս ամառվա վերջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսին։
«Հուլիս-օգոստոս ամիսներին մենք կունենանք Ռուսաստանի և Բելառուսի հետ ամբողջ սահմանի երկայնքով անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լուծում։ Սա նշանակում է, որ մենք կունենանք տնտեսապես արդյունավետ լուծում և ստիպված չենք լինի գործի դնել ավիացիան, ինչը թանկ է նստում», - ասել է Կուլբերգսը։
«Իհարկե, մենք կունենանք նաև պլան Բ. դա ավիացիան է», - հավելել է նա։
Ռուս-ուկրաինական հակամարտության վերջին ամիսների ընթացքում Լատվիայում Ռուսաստանի տարածքից անօդաչու թռչող սարքերի ներթափանցման դեպքեր են արձանագրվել։ Ըստ երկրի իշխանությունների՝ դրանցից մեծ մասն ուկրաինական ԱԹՍ-ներ են, որոնք արձակվել են Ռուսաստանում թիրախների ուղղությամբ։
Ավելի վաղ Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել էր ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանին լրացուցիչ ՀՕՊ միջոցների տեղակայման մասին։