2 րոպեի ընթերցում
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային, քանի որ Կիևը հրաժարվել է նրանց հետ կիսել անօդաչուների արտադրության տեխնոլոգիաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախարարի խոսքով՝ Կիևին առաջարկվել է «ՄիԳ-եր՝ անօդաչու թռչող սարքերի դիմաց» մոտեցումը, քանի որ Ուկրաինան անօդաչուների արտադրության ոլորտում զգալի տեխնոլոգիական հնարավորություններ ունի, և նման փոխանակումն օգտակար կլիներ երկու երկրների ռազմական համագործակցության համար։
Կոսինյակ-Կամիշը լեհական Polsat News հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են դրան, բայց չեն կատարել պայմանավորվածությունները։
«Ես առաջարկեցի մոտեցում, որն, իմ կարծիքով, հիմնված է գործընկերության վրա. ՄիԳ-եր՝ անօդաչուների դիմաց։ Ուկրաինացիներն սկզբում ընդունեցին դա, բայց չիրագործեցին, ուստի Ուկրաինայի համար ՄիԳ-եր չեն լինի, քանի որ Լեհաստանը չունի անօդաչուներ կամ դրանք օգտագործելու հնարավորություններ», - ասել է Լեհաստանի ՊՆ ղեկավարը։
Հաղորդավարը նախարարին հարցրել է՝ արդյոք նա սխալ է համարում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների սկզբում Լեհաստանի իշխանությունների կողմից առանց որևէ պայմանի Ուկրաինա ռազմական տեխնիկա ուղարկելու որոշումը։
«Նրանք ճիշտ վարվեցին, ես էլ նույնը կանեի։ Նրանք ճիշտ են վարվել, և Ուկրաինան այդ ժամանակ գտնվում էր չափազանց դժվարին վիճակում», - պատասխանել է Կոսինյակ-Կամիշը։
Նախարարը հավելել է, որ Լեհաստանի ներկայիս կառավարությունը շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել իր ազգային շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերում։