Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները հայտնել է, որ Իրանի հետ Դոհայում հունիսի 30-ին բարձր մակարդակի հանդիպում կանցկացնի, որին կմասնակցեն ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթին։
Միևնույն ժամանակ կշարունակվեն ամերիկյան և իրանական թիմերի միջև տեխնիկական մակարդակի բանակցությունները։
«Հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այս շաբաթ կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների, մինչ մենք շարունակում ենք քննարկել փոխըմբռնման հուշագիրը։ Այդ բարձր մակարդակի բանակցությունների շրջանակներում տեղի կունենան նաև տեխնիկական բանակցություններ», - ասել է նա Fox & Friends հաղորդման ժամանակ։
Լևիթը հավելել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հրադադարի իր մասը։
«Բռնությունը կարժանանա բռնության։ Տեղի են ունեցել հարձակումներ առևտրային նավերի վրա, որոնց Միացյալ Նահանգները, նախագահի հրամանով, արձագանքել է, և դա կշարունակվի, բայց մենք հույս ունենք, որ նման բան չի լինի։ Նախագահն, ակնհայտորեն, ցանկանում է տեսնել խաղաղության գործընթացի զարգացումը», - ասել է խոսնակը։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ հունիսի 30-ին Կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ տեղի կունենան՝ չնայած Իրանի արտգործնախարարությունն ավելի վաղ հերքել էր ԶԼՄ-ներում տարածված նման լուրերը։
Վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը դարձյալ հարվածներ են փոխանակել։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի, որոնք նավարկել են իր հետ չհամաձայնեցված երթուղով։ ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանն էլ արձագանքել է՝ հարվածելով տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների։