Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
2 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին, որն ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցային խմբի անդամ է, հերքել է տեղեկատվությունն այս շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Աշխատանքային խմբերի տեխնիկական նիստերի անցկացում այս շաբաթ նախատեսված չէ։ Թեև Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարման հսկողության հարցի վերաբերյալ, շարունակվում են սովորականի պես, սակայն որոշ զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունները Դոհայում աշխատանքային խմբերի տեխնիկական բանակցությունների անցկացման մասին չեն հաստատվում», - ասել է նա լրագրողներին։
Ղարիբաբադին նշել է, որ կողմերն առայժմ համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ։ Այդ հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների օգնությամբ, հավելել է Իրանի արտաքին գործերի փոխնախարարը։
Ավելի վաղ Axios-ը և Reuters-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները համաձայնության են եկել վերջին օրերին վերսկսված հարվածների դադարեցման և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցությունների անցկացման շուրջ՝ Հորմուզի նեղուցի հետ կապված տարաձայնությունների կարգավորման համար։
Հունիսի 18-ին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Հունիսի 21-22-ը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ հանգստավայրում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ: Ըստ միջնորդ երկրների հայտարարության՝ բանակցությունները գնահատվել են կառուցողական, և ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար: