Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հայտարարությունը միջազգային կոալիցիա ստեղծելու մասին՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈւՆԻՖԻԼ) գործունեության ավարտից հետո երկրին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Հանրապետության նախագահն այս նախաձեռնությունը համարել է Լիբանանի ինքնիշխանությունն ու կայունությունը սատարելու միջազգային հանձնառության անկեղծ արտահայտություն և ամբողջ տարածքում, մասնավորապես՝ հարավային սահմանային շրջաններում, անվտանգության պահպանման և պետական ​​իշխանության տարածման գործում Լիբանանի զինված ուժերի ունեցած դերի իրական գնահատում», - նշվել է հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ նախագիծը համահունչ է Լիբանանի հետևողական դիրքորոշմանը, որ լիբանանյան բանակը պետք է լինի երկրի հարավում անվտանգության միակ երաշխավորը։

Իտալիան և Ֆրանսիան համաձայնության են եկել կոալիցիա կազմել՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գործունեության ավարտից հետո Լիբանանին աջակցելու համար։

«Լիբանանի ճգնաժամային իրավիճակում Իտալիան և Ֆրանսիան կարող են վճռորոշ դեր խաղալ։ ՄԱԿ-ի առաքելությունը ավարտվում է տարեվերջին, և մենք որոշել ենք կոալիցիա կազմել՝ Լիբանանին աջակցելու և ՅՈւՆԻՖԻԼ-ից հետո ծրագիր մշակելու համար», - ասել է Մելոնին հունիսի 25-ին Ֆրանսիայի Անտիբ քաղաքում երկկողմ միջկառավարական գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա հավելել է, որ շուտով կանցկացվի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով։

Լիբանանում խաղաղապահ առաքելությունը ստեղծվել է 1978 թվականին Իսրայելի կողմից երկիր ներխուժումից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն։ Դրա մանդատը երկարաձգվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ ՅՈՒՆԻՖԻԼ-ում ընդգրկված է անձնակազմի մոտ 8200 անդամ 47 երկրից։

Հայերեն Русский