Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
3 րոպեի ընթերցում

Իտալիան հակադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերին, որ հարյուրավոր ամերիկյան ինքնաթիռներ են թռիչքներ կատարել Իտալիայում գտնվող ամերիկյան բազաներից՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հռոմից հայտնել են, որ իրենք թույլատրել են միայն տեխնիկական և լոգիստիկ թռիչքներ։
Fox News հեռուստաընկերության հետ հարցազրույցում Ռյուտեն որպես Եվրոպայի կողմից ԱՄՆ-ին աջակցության օրինակ էր բերել Իտալիան՝ նշելով, որ 500 ամերիկյան ինքնաթիռներ թռիչքներ են կատարել Իտալիայում գտնվող ամերիկյան բազաներից՝ աջակցելու Իրանի դեմ «Էպիկական ցասում» գործողությանը։
Ռյուտեն ԱՄՆ-ին Եվրոպայի ակտիվ աջակցության մասին նշել էր նաև Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։
Ռյուտեի այս խոսքերը քաղաքական տարաձայնությունների առիթ են դարձել Իտալիայում, քանի որ վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի թույլատրել Իտալիայի տարածքի օգտագործումը Իրանի դեմ ուղիղ ռազմական գործողությունների համար։ Իտալիայի ընդդիմության առաջնորդները բացատրություններ են պահանջել կառավարությունից։
Հայտարարության մեջ պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն նշել է, որ Իտալիան գործել է համաձայն իր սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին, որոնք կարգավորում են դաշնակիցների բազաները իր տարածքում։
«Ինչպես արդեն պարզաբանվել է խորհրդարանում, կառավարությունը թույլատրել է բացառապես տեխնիկական և լոգիստիկ, ոչ կինետիկ գործողություններ», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Իտալիան մերժել է այդ սահմաններից դուրս գտնվող հարցումները։
Կրոսետտոն զարմանք է հայտնել, որ Ռյուտեն, որը «ոչ մի կապ չունի «Էպիկական ցասում» գործողության հետ», տվյալներ է ներկայացրել մի բանի մասին, որը փոխանցում էր «լիովին մոլորեցնող ուղերձ»՝ շփոթելով աջակցության թռիչքները մարտական գործողությունների հետ։
Reuters-ը հիշեցնում է, որ Իտալիայում է գտնվում ամերիկյան 120 ռազմական օբյեկտ։
Ի պատասխան գործակալության հարցմանը՝ ՆԱՏՕ-ից մեկնաբանել են, որ Ռյուտեն միայն ընդգծել է, թե ինչպես են դաշնակիցները, այդ թվում՝ Իտալիան, կատարել իրենց գործող երկկողմ համաձայնությունները ԱՄՆ-ի հետ՝ կապված ռազմաբազաների և թռիչքների հետ։
Միևնույն ժամանակ, Ռյուտեի խոսքերը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ, Թեհրանում գնահատել են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտման խոստովանություն: