Մասնագիտական աջակցություն՝ 2600 աշակերտի. մեկնարկել է «ArtԱրվեստ» ծրագիրը
7 րոպեի ընթերցում

«ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագրի նպատակն է 2026 թվականի ընթացքում մասնագիտական աջակցություն տրամադրել շուրջ 150 արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 2600 աշակերտի և 900 մանկավարժի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում կանցկացվեն լսումներ, վարպետության դասեր, բաց դասեր, մասնագիտական քննարկումներ, սեմինարներ և կրթամշակութային միջոցառումներ՝ ներգրավելով Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների։
«ArtԱրվեստ»-ը բացառիկ համալիր ծրագիր է, որի շրջանակում մասնագիտական խմբերը կիրականացնեն մեթոդական աջակցության լայնածավալ աշխատանքներ Երևանում և Հայաստանի տասը մարզում։
Հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ իրենց համար չափազանց կարևոր է մշակութային ոլորտում ևս ունենալ կրթության հստակ բաղադրիչներ։ Ըստ նրա՝ եթե ուզում ենք զարգացնել մեր մշակույթը, մեր արվեստները, պետք է բոլոր նախագծերում լինի կրթական կոմպոնենտը, քանի որ չկա մշակույթ առանց կրթության, չկա կրթություն առանց մշակույթի։

«Աջակցություն ենք ցուցաբերում բոլոր երաժշտական դպրոցներին մարզերում, Երևանում. նորամուծություններ, նորարարություններ, ուսուցիչների հետ աշխատելու նոր մեթոդաբանություններ, նոր գրականություն, նոր ուղեցույցներ և այլն, և այդ ամենը բովանդակությունն ամրացնելու գործընթացում ուղիղ ազդեցություն ունի երեխաների մշակութային կրթության վրա։ Եթե գտնում ենք, տեղայնացնում ենք հետաքրքիր մեթոդաբանություններ արտասահմանից, կամ ստեղծում ենք մերը նորարար ձևով, մեր երեխաների կրթությունը համահունչ կլինի ամբողջ աշխարհում երաժշտական կրթության, արվեստների կրթության հետ, և մեր երեխաները դժվարություն չեն ունենա, երբ կհասնի քոլեջում կամ կոնսերվատորիայում, արտասահմանում հանդես գալու, արտասահմանցի գործընկերների հետ աշխատելու ժամանակը։ Այդ ժամանակ նրանք իրենց կզգան մի մեծ ընտանիքի անդամ»,-նշեց Դանիել Դանիելյանը։
Նա կարևորեց այն փաստը, որ ծրագրի իրականացման գործում մեծ դերակատարություն ունեն Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական, ինչպես նաև Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջների տնօրենները։ Ըստ փոխնախարարի՝ կառույցների ղեկավարներն ամեն օր առնչվում են այն խնդիրներին, որոնք առկա են ոլորտում, ուստի շատ լավ գիտեն, թե ինչպես պետք է կազմակերպել նախաքոլեջյան կրթական փուլը։
Դանիելյանը շեշտեց՝ մոնիթորինգ պետք է արվի, որի միջոցով պարզ կդառնա, թե բնակավայրերում, մարզերում ինչ ուսուցման որակ, մակարդակ կա, որպեսզի հնարավոր լինի գործնական քայլերի միջոցով կրթության որակն ավելի արդյունավետ դարձնել ամբողջ Հայաստանում։
«Նախատեսում ենք 100 երաժշտական և արվեստի դպրոցների հիմնանորոգում, վերանորոգում իրականացնել։ Խոսքը ոչ միայն շենքերի կառուցման, այլև բովանդակության համալրման մասին է։ Բովանդակությունը պիտի թելադրի ունենալ ռոյալնե՞ր, թե՞ դաշնամուրներ և այլն»,-ասաց փոխնախարարը։
«Artարվեստ» ծրագրի ղեկավար, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանն ընդգծեց, որ մինչ ծրագրի մեկնարկը, մինչ դրամաշնորհային մրցույթը ծրագրի համակարգող, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի հետ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել երաժշտական դպրոցների ուսումնական գործընթացների խնդիրների շուրջ։ «Հաճախ երաժշտական քոլեջները և ուսումնարանները փոխանակ ինչ-որ կետից շարունակեն երեխաների մշակութային կրթությունը, ստիպված են լինում սկսել զրոյից, և այս ծրագիրը իսկապես կարևոր է գյուղական ու քաղաքային համայնքների երաժշտական դպրոցների մեթոդաբանությունը հասկանալու, քոլեջ եկող ուսանողների, աշակերտների հետ համապատասխան կետից կրթությունը շարունակելու համար»,-ասաց նա։

Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկից առաջ իրականացրել են 100-ից ավելի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների կարիքների գնահատման պրոցես, որպեսզի ծրագրի բովանդակությունը բխի այն կարիքներից, որոնք ունեն համապատասխան կրթական հաստատությունները։
Վարազդատ Խաչումյանի խոսքով՝ երաժշտական, արվեստի և այլ դպրոցները պետք է բավարար կրթություն ապահովեն, որպեսզի քոլեջները կարողանան պատշաճ իրականացնել երեխաների հետագա կրթությունը։

«Եթե դպրոցի տված կրթությունը համապատասխանում է քոլեջի մուտքային պահանջներին, ապա աշակերտները շատ հեշտությամբ են ինտեգրվում այդ կրթական միջավայրին։ Դպրոցը ձևավորում է երեխաների կրթության հիմքերը, որոնց արդյունավետությունն ուղղակիորեն կապված է կիրառվող մեթոդաբանության հետ։ Դա ներդրված համակարգ է, որը նպաստում է տվյալ ուսանողի ստեղծագործական մտածողության զարգացմանը, և շատ կարևոր է նաև դպրոցներում այս փուլային և հետևողական մոտեցումը»,-ընդգծեց Խաչումյանը։
Ծրագրի շրջանակում Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում վարպետության դաս է անցկացրել դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։ Դաշնակահարը նշեց, որ նման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար։ Նա հիշեց, որ շատ տարիներ առաջ, երբ ինքն էր սովորում, նման հնարավորություններ գրեթե չկային։

Մելիքյանի խոսքով՝ այսօր վարպետության դասեր հաճախ են կազմակերպվում, ինչը շատ ողջունելի է։ 1990-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին դա իսկապես իրադարձություն է եղել։ «Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում տարբեր տարիքի երեխաների հետ աշխատեցի։ Տարբեր պատրաստվածության երեխաներ էին. որոշներին տարբեր մրցույթներից արդեն ճանաչում էի, գիտեի, թե ինչպես են նվագում, նրանց ասելիք ունեի այդ ստեղծագործությունների վերաբերյալ։ Կային երեխաներ, որոնց առաջին անգամ էի լսում։ Հետաքրքիր աշխատանք ունեցանք»,-ասաց դաշնակահարը։
Ծրագիրը մարզերում կմեկնարկի սեպտեմբերից։ Տարբեր դպրոցներում վարպետության դասերով հանդես կգան մի խումբ հետաքրքիր ստեղծագործողներ, սակայն կլինեն նաև մենթոր ուսուցիչներ, որոնք կաշխատեն երեխաների հետ, կտան հանձնարարություններ և կպահանջեն արդյունքներ։
«ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրն իրականացնում է «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։