Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
1 րոպեի ընթերցում

Ավիատիեզերական SpaceX ընկերության բաժնետոմսերի գնի անկման պատճառով Իլոն Մասկի կարողությունը նվազել է՝ հասնելով 957 միլիարդ դոլարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում հրապարակված վերջին տվյալները։
Մասկը, որ աշխարհի ամենահարուստ մարդն է, տրիլիոնատեր էր դարձել հունիսի առաջին կեսին SpaceX-ի հրապարակային առաջարկի (IPO, Initial Public Offering) շնորհիվ, որի արդյունքում վաճառքի էր հանվել 555,6 միլիոն բաժնետոմս, և ընկերության արժեքը գնահատվել էր 2 տրիլիոն դոլար։
Սակայն Իլոն Մասկի Tesla և SpaceX ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ նվազեցին հունիսի 23-ին։ SpaceX-ի բաժնետոմսերը սակարկությունների փակման ժամանակ կազմել են մոտ 156 դոլար, ինչն ավելի քան 30%-ով ցածր է հունիսի 16-ի առավելագույն 225 դոլարից, չնայած դեռևս ավելի բարձր է հունիսի 12-ին IPO-ի ժամանակ սահմանված 150 դոլարից։