Տեղի ունեցավ ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը
7 րոպեի ընթերցում
Երևանում տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով» հասարակական խորհրդի առաջին նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթություններից համարեց փախստականների բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, ոչ միայն որոշակի խնդիրներին անմիջապես արձագանքելու համատեքստում, այլ նաև նրանց իրավունքների խախտումների կանխարգելման, պաշտպանության ու խթանման տեսանկյունից։
«Սա առաջնահերթություն սահմանելով, մենք նաև մի քանի նոր գործիքակազմեր ու ձևաչափեր ենք կիրառում, որն այս ոլորտի հետ կապված, Պաշտպանի հաստատությունը մինչ այդ չի կիրառել։ Դրանցից մեկը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր այս հասարակական խորհրդի ձևավորումն է։ Նախ՝ ուզում եմ նշել, որ խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և անկախ փորձագետներ, որոնք զբաղվում են հենց ոլորտին վերաբերելի հարցերով»,-ասաց Մանասյանը՝ կարևորելով նաև հասարակական խորհրդի կազմում այնպիսի կազմակերպությունների ներառումը, որոնք ձևավորել են հենց շահառու խումբը ներկայացնող անձինք։
Մանասյանի խոսքով՝ ոլորտում շատ են իրականացվող բարեփոխումներն ու լուծում ստացող խնդիրները, այդուհանդերձ, զուգահեռ առկա են նաև որոշակի խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ մի շարք դեպքերում, ակնհայտ դարձել, որ երբեմն դիմումները ստացվում են այն ժամանակ երբ խնդիրներն արդեն լուծված են լինում, ինչը հաղորդակցության բացակայության հետևանք է։
«Դեռևս տեղեկատվությունը պատշաճ մակարդակով չի փոխանցվում։ Շատերի մոտ մնում է տպավորություն, որ խնդիրը, օրինակ, լուծում չի ստացել։ Սա վկայում է այն մասին, որ մենք, միանշանակ, բոլորս, պետք է իրապես կարողանանք քաղհասարակության ու անկախ փորձագետների և փախստականների, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց ձայնը լսելի դարձնել մշտապես, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավելու տարբեր ձևաչափեր կիրառել։ Ուրախ եմ, որ մենք փորձում ենք իրականություն դարձնել հենց այդ ձևաչափը»,-նշեց Մանասյանը։
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին ողջունելով նախաձեռնությունը, համոզմունք հայտնեց, որ «Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով» հասարակական խորհուրդն իր փորձագիտական ու խորհրդատվական դերի շրջանակներում աջակցելու է ՄԻՊ-ի գրասենյակին՝ նախանշելու փախստականների նոր ի հայտ եկող խնդիրներն ու առաջարկելու արդյունավետ լուծումներ։
«Ես համոզված եմ, որ երկխոսության այս նոր հարթակը կարող է խթանել բովանդակալից քննարկումներ, արագացնել փախստականների ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ նրանց հասանելիությունը կրթությանը, աջակցությանը, զբաղվածությանը»,-ասաց Սանդրին։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորելով խորհրդի ստեղծումը, նշեց, որ այն արտահայտում է ՆԳ նախարարության մոտեցումը հնարավորին լայն գործընկերություններ ստեղծելու առումով։
«Մեր աշխատանքները, ուղղված՝ ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, մշտապես ընթացել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական մեր գործընկեր գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի մշտական մասնակցությամբ, և կարծում եմ, որ դա տվել է որոշակի դրական արդյունք»,-ասաց Ղազարյանն՝ ընդգծելով, որ գերատեսչության կողմից մշակվող ցանկացած քաղաքականություն, ուղղված՝ ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված անձանց, հիմնված է իրավունքի գերակայության գաղափարի վրա։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը կարևորեց շահառու խմբերի հետ հնարավորին շատ շփումները՝ առկա խնդիրների վերհանման տեսանկյունից։
Նրա դիտարկմամբ՝ շատ հաճախ, ոչ ինստիտուցիոնալ շփումների արդյունքում կայացվում են կարևոր որոշումներ, որոնց շնորհիվ շահառուների կյանքում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում։
«Այսինքն, կարևոր են բոլոր տեսակի շփումները, իսկ եթե դրանք ինստիտուցիոնալ են և հետևողական, և մենք հիմա միասին ինչ-որ մեխանիզմ ենք պայմանավորվելու, որ քայլ առ քայլ հասցեագրենք և հետո մոնիտորինգ անենք արդյունքների վերաբերյալ, ուրեմն, չի կարող արդյունավետ չլինել հարթակը»,-ասաց Դավթյանը։
Անդրադառնալով ոլորտի վիճակագրությանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը տեղեկացրեց, որ մասնավորապես, ապաստանի դիմումներ սովորաբար մինչև 2022-ը ներառյալ, եղել են տարեկան մինչև 250-ի շրջանակում։
Ըստ նրա՝ ռուս-ուկրաինական պատերազմի բերումով արդեն 4-րդ տարին անընդմեջ այդ թիվն անգամներով ավելի մեծ է, ընդ որում՝ օրինակ Ուկրաինայի քաղաքացիները մեծ տեսակարար կշիռ չեն կազմում։
Մոնիկա Սանդրի
Նելլի Դավթյան, Արմեն Ղազարյան, Անահիտ Մանասյան
Արմեն Ղազարյան, Անահիտ Մանասյան
Նելլի Դավթյան, Արմեն Ղազարյան, Անահիտ Մանասյան
Նելլի Դավթյան
Նելլի Դավթյան, Արմեն Ղազարյան, Անահիտ Մանասյան, Մոնիկա Սանդրի
Նելլի Դավթյան, Արմեն Ղազարյան
Արթուր Ասլանյան, Անդրանիկ Եղոյան, Վլադիմիր Հովհաննիսյան
Նելլի Դավթյան
Նելլի Դավթյան, Արմեն Ղազարյան, Անահիտ Մանասյան, Մոնիկա Սանդրի
Նելլի Դավթյան, Արմեն Ղազարյան
Դավթյանը հավելեց, որ Ղարաբաղից 2023 թվականին 115000 անձանց տեղահանությունից հետո, ներկա դրությամբ ստացվել է ՀՀ քաղաքացիության համար մոտ 39000 դիմում։ Այս ընթացքում քաղաքացիություն է շնորհվել Ղարաբաղից տեղահանված 27,550 անձանց։ Բացի այդ՝ ՀՀ-ում անձնագրավորվել է 12000 անչափահաս։