Երաժշտությանը կարող ենք նվիրել մեր կյանքը. Սերգեյ Սմբատյանը քննարկում անցկացրեց «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների հետ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, «Հայ վիրտուոզներ» ծրագրի հիմնադիր Սերգեյ Սմբատյանը հունիսի 23-ին «Դասական երաժշտություն և ինքնության որոնում» թեմայով քննարկում անցկացրեց ծրագրի կրթաթոշակառուների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, վարեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։

Սմբատյանը խոստովանեց՝ ուրախ է տեսնել տաղանդավոր երիտասարդների և ոգևորություն է ապրում, երբ լսում է նրանց հաջողությունների մասին։

«Թե՛ երաժշտության, թե՛ տաղանդների, թե՛ երիտասարդների մասին խոսելիս դրական  էմոցիաներ ենք ապրում, և ձեր մասնագիտական հաջողությունները մեզ համար մեծ ձեռքբերում են»,-ասաց նա։

Ներկաներից շատերին էր հետաքրքրում, թե ինչու է Սերգեյ Սմբատյանը որոշել երաժիշտ դառնալ, դիրիժորությամբ զբաղվել։

«Հավանաբար, ինը կամ տասը տարեկան էի, երբ հասկացա, որ կարելի է երաժիշտ չլինել և այլ մասնագիտություն ունենալ։ Տատիկս և հայրս երաժիշտներ են։ Տատիկս իմ դասախոսն է եղել։ Հիշում եմ իմ զարմանքը, երբ մի օր մեզ հյուր եկավ հորս ընկերն, ու իմացա, որ նա երաժիշտ չէ։ Առաջին անգամ էի հանդիպում մարդու, որը երաժիշտ չէ։ Գուցե առաջ էլ էր նման բան եղել, բայց այդ մասին չէր խոսվել։ Չորս տարեկանում եմ սկսել ջութակ նվագել։ Տատիկս ինձ ոգևորեց, և սկսվեց իմ պատմությունը, իսկ 16 տարեկանում փորձեցի հասկանալ, թե ինչ է դիրիժորությունը։ Երկու տարի իմ լավ դասախոսի՝ Յուրի Դավթյանի հետ քննարկումերի արդյունքում զգացի, որ դիրիժորությունն ինձ դուր է գալիս։ 18 տարեկանում հստակ գիտեի՝ դիրիժորությունը կլինի իմ մասնագիտությունը»,-պատմեց Սմբատյանը։

Նրա խոսքով՝ եթե հնարավորություն ունենար ականավոր կոմպոզիտորներից մեկի կենդանության օրոք նվագախումբ ղեկավարել, անպայման կկատարեր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները, քանի որ Շոստակովիչի երաժշտության մեջ  դիրիժորի ներկայությունը,  դիրիժորի մեկնաբանությունը չափազանց կարևոր են։

«Երաժշտությունն այն է, ինչին հավատում եք։ Մի փիլիսոփա ասել է, որ բոլոր արվեստները ցանկանում են նման լինել երաժշտությանը։ Երաժշտությունը ժամանակից դուրս արվեստ է, որը ժամանակի մասին է։ Երաժշտությունն այն է, ինչին կարող ենք նվիրել մեր կյանքը։ Մարդու կյանքում դա ամենակարևորն է. ինչպե՞ս եք ապրում, ի՞նչ եք մտածում և այլն։ Դա երաժշտություն է։ Կա նաև պրագմատիզմ, սակայն դա առանց ռոմանտիզմի,  առանց քաոսի և էմոցիոնալ պոռթկումների հետաքրքիր չէ»,-շեշտեց նա և հավելեց՝ երջանիկ են այն մարդիկ, որոնք կարող են ապրել երաժշտությամբ։

Սմբատյանն անդրադարձավ նաև խորհրդային և եվրոպական դպրոցներին ու ընդգծեց, որ Հայաստանում շատ տաղանդավոր դասախոսների սերունդ կա, որը խորհրդային կրթական համակարգի գիտելիքի կրողն է, իսկ ինքն ու իր ընկերներն այդ մեծ ժառանգության կրողներն են։

Սմբատյանը շատ է ճամփորդում և հանդիպում է բազմաթիվ գործընկերների, որոնք երկար տարիներ աշխատում և դասավանդում են եվրոպական երկրներում, բայց Խորհրդային Միությունից են մեկնել Եվրոպա։ Դիրիժորը հիշատակեց երջանկահիշատակ ջութակահար Իվան Ղալամյանին, որը դասավանդել է Ամերիկայում։ Նա համադրել է ռուսական և ֆրանսիական դպրոցի լավագույն հատկանիշներն ու ստեղծել սեփական ջութակի մեթոդիկան, որում մեծ տեղ է հատկացրել Լուսիեն Կապեի աղեղնային տեխնիկային։

«Շատ կարևոր է երաժշտի մեկնաբանությունը։ Բախի գործերը տարբեր երկրներում տարբեր կերպ են մատուցվում։ Կատարողական արվեստում կարևոր է, թե երաժիշտն ինչ գիտելիքներ ու պատկերացում ունի այդ հեղինակի մասին։ Հայաստանում կան գիտելիքի շատ լավ հիմքեր, որոնք մնացել են խորհրդային շրջանից, եվրոպական միջավայրում կայացած պրոֆեսորներ, որոնք գալիս են, աշխատում են այստեղ։ Դա միքս է դառնում։ Այսօրվա աշխարհում մեկ կամ մի քանի դպրոցի մասին խոսելը դժվար է։ Դպրոցները, մոտեցումները տարբեր են, ուստի կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք լավագույնը վերցնել թե՛ եվրոպական, թե՛ խորհրդային դպրոցներից»,-հավաստիացրեց Սմբատյանը։

Սերգեյ Սմբատյան

Աննա Տեր-Հովակիմյան, Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյան

Սերգեյ Սմբատյանը  երիտասարդ երաժիշտների հետ զրույցն ավարտեց՝ անդրադառնալով ինքնությանը։ Ըստ նրա՝ հայ դասական երաժիշտ լինելը պատասխանատվություն է և պետք է միշտ հիշել, որ երկիր ես ներկայացնում։

Ծրագրի մասնակիցների հարցերին պատասխանելուց հետո Սերգեյ Սմբատյանն ավարտական վկայականներ հանձնեց նրանց՝ նորանոր հաջողություններ մաղթելով յուրաքանչյուրին։

Հայերեն

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային թողունակության աճի հարցերը

Հունիսի 24-ի միջոցառումների անոնս

Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին

Տեղի ունեցավ ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը

Իրանը կարող է մինչև 50 միլիարդ դոլար ստանալ պատժամիջոցների վերացման և ակտիվների ապասառեցման հաշվին

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-23/06/26