Երևանում կայացավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը
9 րոպեի ընթերցում

Հոկտեմբերին Երևանում կայանալիք COP-17-ին ընդառաջ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը՝ նվիրված Հայաստանում գենդերային առանձնահատկություններին արձագանքող կենսաբազմազանության կառավարման առաջխաղացմանը։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող և համայնքներում գործող ՀԿ-ների, կենսաբազմազանությունից կախված համայնքների, ակադեմիական և հետազոտական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշեց, որ COP-17-ի Հայաստանի մոտեցումները և առաջնահերթություններն ի սկզբանե խարսխված են եղել իրական ներառականության և թափանցիկության սկզբունքների վրա։

«Հայաստանը կենսաբազմազանության հարուստ և եզակի պաշարներ ունեցող երկիր է։ Բնության հետ անխաթար կապը դարերով արտացոլվել է մեր մշակույթում, ժողովրդական արվեստում և բազմաթիվ համայնքների կյանքում։ Կանայք դրա պահպանության, ավանդական գիտելիքները սերունդներին փոխանցելու գործում կարևորագույն դեր են խաղում։ Իրավունքային մոտեցումները, կանանց և տղամարդկանց հավասարությունը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց զգալի մասնակցությունը մեր Կառավարության կարևոր առաջնահերթություններից են։ Այս մասով Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել վերջին տարիներին։ Մեր երկիրն ակտիվ քայլեր է ձեռնարկում նաև բազմակողմ միջազգային հարթակներում գենդերային հավասարության խնդիրների հասցեագրման ուղղությամբ»,- ասաց Աբիսողոմոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ COP-17-ը նաև մարդկանց ու համայնքների խնդիրների և ձեռքբերումների մասին է։ Ըստ նրա՝ անցնող մեկ տարվա ընթացքում հայաստանյան քաղհասարակությունը մի շարք նոր հնարավորություններ է ունեցել ավելի ամրապնդելու իր կապերը միջազգային ցանցերի հետ։
«Կանանց և աղջիկների իրավունքների ու գենդերային հավասարության թեման կարևոր տեղ է զբաղեցնելու նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի ընթացքում։ Կենսաբազմազանության կանանց կոնվենցիայի հայաստանյան խմբակցությունը ՀՀ նախագահության և կենսաբազմազանության քարտուղարության հետ կազմակերպելու են կանանց ֆորում վերոհիշյալ համաժողովի շրջանակում։ Այսօրվա ազգային երկխոսությունը նույնպես հնարավորություն կտա տարբեր ուղղություններից առանձնացնել կենսաբազմազանության պահպանության հրամայականին ուղղված ընդհանուր տեսլականը»,- ասաց ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը։
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանն իր խոսքում անչափ կարևորեց հատկապես կանանց դերը բնապահպանության ոլորտում։

«Միևնույն ժամանակ կանայք և երեխաներն ամենախոցելի խմբերն են, որոնք ամենաշատն են ազդվում կլիմայական փոփոխությունների և կենսաբազմազանության կորստի հետևանքով։ Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, երբ արտագնա աշխատանքը շատ մեծ տեղ է կազմում մեր գործունեության մեջ, կանանց վրա բավականին մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում։ Շատ կարևոր է, որ կանայք ունենան որոշում կայացնողի դեր։ Այդ հանգամանքը կարևորելով՝ մենք միայն կարող ենք ունենալ ավելի դիմակայուն համայնքներ։ COP-17-ի շրջանակում մեզ համար շատ կարևոր է, որ հենց այս փաստն ընդգծվի և Հայաստանի հետագա զարգացման մեջ կարևոր ներդրում ունենա ու ընդլայնվի հատկապես կանանց որոշում կայացնելու հնարավորությունը»,- ասաց Մեյմարյանը։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ բնությունը պահպանելու և կենսաբազմազանությունը զարգացնելու գործում ամենամեծ դերն ունեն կին ակտիվիստները, որովհետև առաջինն իրենք ենք իրենց վրա կրում ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությունը։
ՀՀ աշխատանքի և բարեկեցության փոխնախարար Ռոզա Բաբայանը նշեց այն կարևոր հանգամանքը, որ կենսաբազմազանության պահպանումը, կլիմայական ու բնապահպանական մարտահրավերները և գենդերային հարցերը բերվել են մեկ հարթակ, ինչը հնարավորություն է տալիս քննարկել կարևոր հարցերը՝ միաժամանակ գտնելով հնարավոր լուծումներ։

«Գենդերային և բնապահպանական քաղաքականության համատեքստում մեր նպատակն է գտնել ոչ միայն հնարավոր բալանսը, որպեսզի բոլորը կարողանան իրացնել իրենց իրավունքները, այլև գտնել հնարավոր ճանապարհները, որպեսզի հզորացնենք տնտեսությունը գենդերազգայուն քաղաքականության միջոցով։ Այս մոտեցումը համահունչ է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 2023-30 թվականների գենդերային գործողությունների ծրագրին։ Սա նաև համահունչ է Հայաստանում ընդունված գենդերային քաղաքականության իրականացման 2025-28 թվականների ռազմավարական փաստաթղթին, որտեղ վեց ուղղություններից մեկը հենց կլիմայի փոփոխության արդյունքում գենդերազգայուն քաղաքականության իրականացումն է»,- ասաց Բաբայանը։
Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքային ոլորտում իրականացվող բարեփոխումները նախանշում են բալանսավորված գործողություններ, որոնց շնորհիվ տղամարդիկ և կանայք կարող են հավասարապես օգտվել բոլոր հնարավորություններից։
ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության խորհրդական, զարգացման համագործակցության հարցերով ղեկավար, փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը նշեց, որ COP17-ը ի ցույց է դնում այն, թե ինչպես են գենդերային հավասարությունը և մարդու իրավունքները ինտեգրվում կենսաբազմազանության կառավարման մեջ Հայաստանում:

«Այժմ գենդերը և կենսաբազմազանությունը միայն կանանց մասին չեն, այլ իրավունքների, ռեսուրսների և իշխանության: Շվեդիայի կառավարության անունից հույս ենք հայտնում, որ այս երկխոսությունը կհանգեցնի գործնական առաջնահերթությունների սահմանմանն ու գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև կօգնի ուղիներ գտնել, որպեսզի քաղաքացիական հասարակությունն ու համայնքները շարունակեն իրենց ներդրումն ունենալ կենսաբազմազանության կառավարման գործում նաև COP17-ից հետո»,- ասաց Վալդենստրյոմը։
Վրաստանում ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության մշտական ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հարցերով կապի պատասխանատու Կաորի Իշիկավան նշեց, որ առանցքային հարցն այն է, թե ինչպես կարող են կանայք հավասար դերակատարում ունենալ բնական պաշարների կառավարման և կենսաբազմազանության պահպանման վերաբերյալ որոշումների կայացման գործում։

«Հայաստանն արդեն նախանշել է ազգային կենսաբազմազանության նպատակները՝ կենտրոնանալով գենդերային հավասարության և կայուն կենսապահովման հետ կապված փոխկապակցված մարտահրավերների վրա։ COP-17-ին ընդառաջ՝ մենք պետք է ուսումնասիրենք կենսաբազմազանության խնդիրներն ու այդ համատեքստում կանանց առաջնորդությունն ավելի պատասխանատու դարձնելու ուղիները։ Հայաստանը պատրաստվում է COP-17-ին, ուստի կա հնարավորություն ամրապնդելու համագործակցությունը զարգացման գործընկերների և ՄԱԿ-ի միջև»,- ասաց Իշիկավան։
Կենսաբազմազանության կոնվենցիայի կանանց խմբակցության համակարգող Ամելիա Պրադոն նշեց, որ երկար տարիներ գործընթացի մաս կազմելով՝ կանայք գրեթե միշտ աշխատում են COP-ից COP և որոշումներ կայացնում, ինչը հեղափոխական առաջընթաց է քաղհասարակության և բնապահպանական ՀԿ-ների համար։
«Մենք արդեն մեկ տասնամյակ է, ինչ աշխատում ենք համատեղ ծրագրերով, ուստի COP-ը պետք է դիտարկել որպես ճանապարհային քարտեզի մի փուլ։ Ուզում եմ հավաստիացնել, որ մեր խումբը պատրաստակամ է գործընկերային հարաբերություններ հաստատել՝ շարունակելով այն համագործակցությունը, որը ծավալվել է COP-ի նախապատրաստական փուլում»,- հավաստիացրեց Ամելիա Պրադոն։